Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի երդմնակալությունը


Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը։ Նա ևս հինգ տարով պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։

Արարողությանը ներկա է եղել շուրջ 450 հյուր, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին։

Ելույթում Մակրոնը խոստացել է նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում կառուցել ավելի ուժեղ Ֆրանսիա:

«Ֆրանսիան պետք է ավելի լավ ապրի և գտնի ժամանակի մարտահրավերների պատասխանները։ Մեր նպատակը պետք է լինեն բարեփոխումներն ու միասնությունը: Դա թույլ կտա հիմք դնել ժողովրդավարական վերածննդի, որի կարիքն ունի մեր երկիրը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրացումից: Մակրոնի համոզմամբ՝ հենց դժվարին ժամանակներում է Ֆրանսիան ցուցադրում իր լավագույն որակները: