Սեուլը տեղեկացրել է, որ մայիսի կեսերին Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկումներ անցկացնել


Կորեայի Հանրապետության ազգային հետախուզական ծառայության ղեկավար Պակ Ջի Վոնը տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները կարող են մայիսին միջուկային փորձարկումներ անցկացնել ընտրված նախագահի երդմնակալության և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Սեուլ այցի միջև ընկած ժամանակահատվածում:

Հարավային Կորեայի ընտրված նախագահ Յուն Սոկ Յոլը պաշտոնը կստանձնի մայիսի 10-ին, իսկ ԱՄՆ նախագահը Սեուլ կայցելի մայիսի 20-22-ը:

Կորեայի հետախուզական ծառայության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստվում են փորձարկումներին՝ չնայած Չինաստանի ու Ռուսաստանի՝ Փհենյանին մտափոխելու ջանքերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 7-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ: Այս արձակումը տարվա սկզբից Փհենյանի 15-րդ փորձարկումն էր: