Ողջամիտ ժամկետներում տեղահանված քաղաքացիներն ապահովված կլինեն բնակարաններով. Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, քննարկվել են Արցախի բռնազավթված բնակավայրերից տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանը միտված պետական ծրագրերը:

Հատուկ անդրադարձ է կատարվել 2020 թվականից առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից հատկացվող գումարների և դրանց տրամադրման նպատակների վերանայման անհրաժեշտությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տեղահանված տարբեր պետական կառույցներում հաստիքների սպասվող կրճատումների նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ՝ սոցիալական արդարության և զբաղվածության խթանման սկզբունքների պահպանումը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն էլ այդ որոշումների վերաբերյալ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա:

Անդրադառնալով տեղահանված բնակիչների բնակվարձերի վճարման գործող քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այն վերանայել՝ դարձնելով ավելի արդյունավետ ու հասցեական:

Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվել են որոշակի մոտեցումներ, որոնց մշակման ու վերջնականացման արդյունքում, նախագահի հանձնարարությամբ, էական փոփոխություններ են կատարվելու եղած ծրագրերում:

Խոսելով բնակարաններով ապահովելու պետական ծրագրի մասին՝ նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ այն ընթանում է ամբողջ ծավալով և հնարավորինս ողջամիտ ժամկետներում տեղահանված քաղաքացիները, այդ թվում՝ Հադրութի շրջանի բնակիչները ապահովված կլինեն բնակարաններով:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում գործնական առաջարկություններ ներկայացնել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով բարձրացված կարիքներն ու խնդիրները։