Ե՞րբ կավարտվեն Ախալցխայի կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Վերանորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում Ախալցխա քաղաքի կենտրոնական զբոսայգին եւս վերականգնվում է։

Կենտրոնական զբոսայգին արդեն մոտ 6 ամիս է, ինչ վերականգնվում է։  Տեղի բնակիչներն անհանգստացած են, որ չեն կարող երեխաներին այգի տանել, զբոսնել և հանգստանալ այնտեղ։
Մեր խմբագրությունը փորձեց հետաքրքրվել, թե ինչու են վերականգնողական աշխատանքներն այդքան  դանդաղում և ե՞րբ են դրանք ավարտվելու։
Այս հարցով դիմեցինք Ախալցխայի  քաղաքապետարանին, որտեղից մեզ ասացին, որ դա իրենց իրավասությունը չէ, և ուղղորդեցին մեզ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամ։
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից փորձեցինք պահանջել մրցութային փաստաթղթերը, որոնցից ուզում էինք իմանալ վերանորոգման ծրագրի ավարտի ժամկետներն, թե որքանով են վերականգնողական աշխատանքները ժամանակին ընթանում։ Սակայն մրանց տրամադրած փաստաթղթում կոնկրետ ժամկետներ չեն նշվում։
Փաստաթղթում կարդում ենք, որ տարածաշրջանային զարգացման ծրագրերի իրականացման վերջնաժամկետն է 2024 թ.։
Փորձեցինք կապ հաստատել վերականգնողական աշխատանքներում անմիջականորեն ներգրավված ընկերության հետ, սակայն պաշտոնական փաստաթղթում նշված համարը ճիշտ չէր։
«Վերանորոգված շրջաններ» քառամյա ծրագիրը ընդգրկում է Վրաստանի 63 մունիցիպալիտետ և դրա մոտավոր արժեքը առաջին փուլում կազմում է 500 մլն լարի։