Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն. Նիկոլ Փաշինյանը՝ Նաֆթալի Բենեթին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում է՝ բոլոր ողբերգություններին ու աղետներին հակառակ:

Մեկ ամիս առաջ մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն՝ նոր էջ բացելով մեր բազմադարյա կապերի տարեգրության մեջ:

Ընդունեք, խնդրեմ, պարոն վարչապետ, խաղաղության ու բարօրության մաղթանքներս Ձեզ և Իսրայելի ժողովրդին»: