Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և իր վրացի գործընկեր Ռատի Բրեգաձեի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Անդրեասյանն ու Ղարիբաշվիլին պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկկողմ համագործակցությունը արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում։

Բացի այդ, նրանք քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը համատեղ աջակցության և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։

Նախարար Անդրեասյանը և Ռատի Բրեգաձեն բացել են վրաց-հայկական համագործակցության հարթակ՝ Վրաց-հայկական իրավական ֆորումը։

Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը կայցելի Ազգային արխիվ, Արդարադատության տուն և քրեակատարողական ծառայություն։