Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արթուր Թովմասյան


Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մայիսի 1-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ, Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։

Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում իրականացվող այն առաջնահերթ սոցիալ- տնտեսական ծրագրերի, Ազգային ժողովի  հայտարարությունների և խորհրդարանի կողմից  ընդունվող օրենքների մասին, որոնք առնչվում են  հետպատերազմյան իրողություններին։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են տարածաշրջանային սրընթաց զարգացումների և Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Իր հերթին Ռընե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ Արցախի ժողովրդի կողքին են։ Ֆրանսահայ գործիչը նշել է նաև, որ սփյուռքահայ կազմակերպությունները շարունակելու են տարբեր ծրագրերով աջակցել արցախահայությանը։

Երկուստեք կարևորվել է ամբողջ հայության միաբան ու միակամ գործելը։