Armdaily.am-Ալիևի երեկվա հայտարարությունից հետո ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Ադրբեջանի նախագահն, ինչպես նաև Ադրբեջանի հասարակությունը լավ ծանոթ չեն, թե իրենց պատմությանը, թե տարածաշրջանի պատմությանը: ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ու Սյունիքի ադրբեջանական լինելու մասին Ալիևի հայտարարությանը՝ ասաց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը:

«1918 թվականին, երբ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին անկախություն, այդ ժամանակաշրջանում Կարսը, Նախիջևանը մտնում էին Հայաստանի տարածքի մեջ: Արցախի մասով ևս որքան ես տեղյակ եմ՝ Արցախը ևս Հայաստանին էր պատկանում, սակայն, Խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին, որ Արցախը պետք է հանձնեն Ադրբեջանին, Կարսի պայմանագրով էլ գիտենք, թե ինչպես Կարսն անցավ Թուրքիային, իսկ Նախիջևանը՝ Ադրբեջանին: Եթե այդ պայմանագրերով մենք առաջնորդվենք և որպես Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդ հարցին մոտենանք, ապա շատ ցավալի  կլինի Ադրբեջանի և Թուրքիայի համար, քանի որ այդ դեպքում Հայաստանի տարածքը ավելի կմեծանա՝ կվերադառնա Կարսը, կվերադառնա Նախիջևանը և Արցախի հարցը ևս նորմալ լուծում կստանար՝ Հայաստանի տարածքում: Դա պետք է իրենք շատ լավ գիտակցեն, որ իրենց հայտարարությունները ոչ մի պատմական հիմք չունեն»,-ասաց Այվազյանը:

Նա նշեց, որ եթե ավելի խորը գնանք, ապա նախկինում ընդհանրապես Ադրբեջան գոյություն չի ունեցել և ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան ձևավորվել են հայկական տարածքների վրա, իսկ Թուրքիան՝ հայկական և հունական պատմական տարածքների վրա է ձևավորվել և նրանց հայրենիքը ավելի թյուրքական երկրների հատվածում է գտնվում՝ Ղազախստան, Տաջիկստան, Կիրգիզստան, Թուրքմենիստան և հավելում, որ այդ տարածքներում թող փնտրեն իրենց տարածքային ամբողջականությունը:

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան հայտարարությանը, Այվազյանը նշեց, որ դա լավ պատասխան էր, սակայն պետք չէ խուսափել 1918 թվականի քարտեզներից, քանի որ Հայաստանն այդ ժամանակ շատ ավելի մեծ ու ընդարձակ էր և շատ ավելի մեծ տարածքներ  էին պատկանում Հայաստանին:

Հայկա Ալոյան