Քրեական պատասխանատվություն՝ Լուսնի վրա կատարված հանցագործությունների համար


Կանադայի իշխանությունները խորհրդարանի հաստատմանն են ներկայացրել երկրի քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք նախատեսում են պատասխանատվության ենթարկել Լուսնի վրա կատարված հանցագործությունների համար։

CBC հեռուստաալիքի տվյալներով՝ Միջազգային տիեզերակայան թռիչքի ժամանակ կանադացի տիեզերագնացների կատարած հանցագործությունը կհավասարեցվի Կանադայում կատարված հանցագործության հետ։

Փոփոխությունների պատճառը երկրի՝ Lunar Gateway նախագծին միանալն է, որի շրջանակում նախատեսվում են թռիչքներ Լուսին։

Կանադայի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները հաշվի են առնելու այն հանցագործությունները, որոնք կկատարվեն Gateway կայարանում: Այն նախատեսվում է կառուցել լուսնային ուղեծրին մոտ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է վերսկսել լուսնային ծրագիրը և գործարկել «Լունա-25» ռոբոտային համալիրը։