ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 64 անդամ ապրիլի 28-ին նամակ է հղել հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին ու Արցախին՝ դիմագրավելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների պատճառով ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամին։

 

Օրենսդիրները՝ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդությամբ, նշել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել լուրջ դժվարությունների, որոնք առաջացել են ինչպես 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի, այնպես էլ խաղաղ բնակչության դեմ մինչ օրս շարունակվող սադրանքների պատճառով։ Արցախին հատկացվելիք 50 միլիոն դոլարը, նրանց կարծիքով, «կօգնի աջակցել հայ փախստականներին, իսկ Հայաստանին տրամադրվող 100 միլիոն դոլարը կամրապնդի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը։ Օրենսդիրները կարևորել են նաև հայ ռազմագերիների ազատ արձակումը։