Վաշինգտոնը և Լոնդոնը խորհուրդ են տալիս Ուկրաինայի նախագահին խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ շփումներով ո՛չ Ուկրաինայի, ո՛չ այլ հարցերի շուրջ, թեև նման երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Ուկրաինային զենք մատակարարելով՝ ՆԱՏՕ-ն, ըստ էության, միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանի հետ։

Դիվանագետն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին՝ նշելով, որ Կիևը փոխել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ իր դիրքորոշումը, իսկ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները հաճախ իրարամերժ են։

«Դա վիթխարի հետքայլ է․ ռուսական կողմը, սակայն, մտադիր է շարունակել բանակցությունները Կիևի ներկայացուցիչների հետ՝ չնայած քաղաքագետները համոզված են, որ Զելենսկու նշանակած խմբի փոխարեն պետք է խոսել և պայմանավորվել ամերիկացիների հետ»,- ընդգծել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան նախորդ շաբաթ Կիևին ներկայացրել է հնարավոր խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը՝ հաշվի առնելով Ուկրաինայի մեկնաբանությունները։

«Զելենսկին հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ չի տեսել։ Երբ մենք ուկրաինական պատվիրակությանը հարցրինք՝ ինչու նախագահը տեղյակ չէ փաստաթղթի մասին, մեզ պատասխանեցին՝ նա ժամանակ չուներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ինչպես է Ուկրաինայի նախագահը վերաբերվում բանակցություններին»,- ընդգծել է ՌԴ գլխավոր դիվանագետը։

Նա պնդել է՝ միջուկային պատերազմն անընդունելի է, դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։