Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի շրջանակում պաշտոնապես բացվել է Հայաստանի տաղավարը


Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը (հայաստանյան տաղավարի հանձնակատար) և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (հայաստանյան տաղավարի համակարգող)։

 

Բիենալեին ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայաստանյան տաղավարի համադրողի և արվեստագետների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան և Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):

 

 

Ապրիլի 23-ին «Դը Միլք օֆ Դրիմս» (The Milk of Dreams) խորագրի ներքո տեղի կունենա Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեի բացումը: Բիենալեն, որին մասնակցում են շուրջ 80 երկրների արվեստագետներ, հանրության համար կգործի 2022 թ. ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը։ Այն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, որին Հայաստանը մասնակցում է տարիներ շարունակ։

 

Վենետիկի բիենալեն հանդիսանում է ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր հարթակներից մեկը, որին մասնակցում են միայն պետական կազմակերպությունների (նախարարությունների, արվեստի խորհուրդների) կողմից ներկայացված և երաշխավորված արվեստագետները: Բիենալեի կազմակերպություն-կոմիտեի կողմից առաջարկված՝ Վենետիկի այգիներում և պալատներում ներկայացվում են ազգային տաղավարներ, որոնք ցուցադրում են տվյալ երկրի ժամանակակից արվեստը:

 

 

Վենետիկի արվեստի 59-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը կարևորագույն իրադարձություն է․ այն խթանում է Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունն ու մշակութային կապերը, ինչպես նաև նպաստում է այլ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացմանը, նոր կապերի և պայմանավորվածությունների ձեռքբերմանը՝ կարևորելով Հայաստանի ազգային մշակույթը միջազգային հեղինակավոր հարթակում ներկայացնելու գործընթացի իրականացումը:

 

 

Հիշեցնենք, որ 2019 թ. Վենետիկի բիենալե արվեստի 58-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը՝ «Հեղափոխության Սենսորիում» նախագծով: 2017 թ. 57-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել են Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլան:

 

 

2015 թ. Վենետիկի բիենալե արվեստի 56-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը «Armenity/Հայություն» խորագրով արժանացել է բիենալեի «Ոսկե առյուծ» մրցանակին: