Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն. Արտակ Բեգլարյան


Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին:

Ադրբեջանի նախագահը բռնազավթված Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է:

1. 1921թ. Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը 4% էր, իսկ հետագա տասնամյակներում՝ ԽՍՀՄ մարդահամարների ցուցանիշներով՝ • 1926թ.՝ 10.06%, • 1939թ.՝ 9.32%, • 1959թ.՝ 13.80%, • 1970թ.՝ 18.08%, • 1979թ.՝ 22.98%, • 1989թ.՝ 21.52%:

2. Բնականաբար, բնակչության մնացած մասը հայեր էին և շատ փոքր տոկոսով՝ այլազգիներ:

3. Եվ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հենց իրենք՝ խորհրդային Ադրբեջանի իշխանություններն (այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը) են հավաքագրել, ուստի, հաստատ, զգալիորեն ուռճացված են:

4. ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների կայուն աճող թիվը պայմանավորված է հայ բնիկ բնակչության դեմ իրականացված սպիտակ ցեղասպանությամբ:

5. Թող ադրբեջանական իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն»: