Հանդիսավոր արարողություն Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին


Ապրիլի 20-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետների և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների մասնակցությամբ՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:

 

Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր, ինչի ամենավերջին դրսևորումներն էին պատերազմն Արցախում և այնտեղ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու խաղաղ բնակչության սպանությունները։

 

 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոնը և Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանյոն։ Արարողությանը ներկա էին և ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Սենատի մշակույթի և կրթության հանձնաժողովի նախագահ Լորան Լաֆոնը, Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։

 

Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրանսիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը և Ալֆորվիլի հոգևոր հովիվ Տեր Տիրայր Քելեջյանը։

 

 

Ներկաները շնորհակալություն հայտնեցին Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպությանը՝ ի դեմս նախագահ Դելֆին Կույումջյանի և կազմակերպության ներկայացուցիչ Մարո Դեյրմենջյանի, ինչպես նաև Ֆրանսահայ մարտիկների և դիմադրության մասնակիցների ֆեդերացիայի նախագահ Ժակ Դեյրմենջյանին՝ միջոցառման համակազմակերպման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը տարիներ շարունակ վառ պահելու համար։