Վրաստանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել





Ապրիլի 20-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկեր Վան Յիի հետ։

Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Covid-19 համաճարակի ժամանակ Չինաստանի կողմից Վրաստանին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։
Նույն տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի արտգործնախարարը «վերահաստատել է Չինաստանի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ նախարար Վան Ին ընդգծել է Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ամրապնդել կապերը Թբիլիսիի հետ՝ «խաղաղ զարգացումը, միջազգային արդարությունը և օրենքի գերակայությունը համատեղ խթանելու համար»։
Ըստ նույն հայտարարության՝ «Չինաստանը հարգում է Վրաստանի անկախ զարգացման ուղին և ողջունում է Վրաստանի շուտափույթ միացումը համաշխարհային զարգացման նախաձեռնություններին»։