Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում աջակցելը. Զախարովա


ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելուն։ Նա ասել է, որ Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից մեկը ադրբեջանցի և հայ գործընկերներին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում աջակցելն է։

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) — Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքներում, արդյունավետ խորհրդակցություններ անցկացրել Երևանում, համաձայնեցվել է մոտ ապագայում նրա այցը Բաքու։ Երկխոսության հիմքում, հայտնի է, Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքներն են: Երևանը կառուցողական արձագանք է տվել այդ առաջարկներին։

Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա, ինչը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը տարածաշրջանում, իրական հեռանկարներ բացեց մարդասիրական ընդգրկուն խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար։