Լոնդոնի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել


Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ, որտեղ նրան սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում՝ հայտնում է Associated Press-ը։

Ասանժի կողմնակիցներն այդ որոշումը համարում են նրա մահվան դատավճիռ:

WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը։ Ասանժի պաշտպանները հայտարարել են, որ իրենք կբողոքարկեն Լոնդոնի Գերագույն դատարան:

Մարտին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժեց Ասանժի բողոքն ընդդեմ իրեն ԱՄՆ արտահանձնելու Լոնդոնի Գերագույն դատարանի որոշման։

Լոնդոնի Գերագույն դատարանը 2021 թվականի դեկտեմբերի կեսերին բավարարել էր ԱՄՆ իշխանությունների ներկայացրած բողոքը և չեղարկել Ասանժի ԱՄՆ արտահանձնելու արգելքը։

Միացյալ Նահանգները 50-ամյա Ասանժին մեղադրում է պաշտպանության հետ կապված գաղտնի տեղեկատվությունների գողության և բացահայտման համար: