Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը. Լավրով


Ռուսաստանը սկսում է Ուկրաինայում հատուկ գործողության նոր փուլ և մտադիր է ամբողջությամբ ազատագրել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների տարածքները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը India Today հեռուստաալիքի հետ հարցազրույցին։

«Գործողությունն Ուկրաինայի արևելքում ուղղված է, ինչպես հայտարարվել էր հենց սկզբից, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների լիակատար ազատագրմանը։ Այս գործողությունը կշարունակվի, դրա հաջորդ փուլը սկսվում է, և ես կարծում եմ՝ հիմա կարևոր պահ է»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ գործողության պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի արևելք:

«Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինան հարթակ են դարձնում մեր դեմ, բայց Արևմուտքում ասում էին, որ Կիևը կարող է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, և ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան, եթե նա նման ցանկություն ունի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հատուկ գործողության մյուս պատճառը, Լավրովի խոսքով, ազգայնականությունն է Ուկրաինայում: Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Մոսկվան դիմել է ռազմական գործողությունների Դոնեցկի ու Լուգանսկի նկատմամբ սպառնալիքի պատճառով:

Արտգործնախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, և Կիևում իշխանափոխություն չի ծրագրում: