Ռուսաստանն ու Հայաստանը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել


Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին հայտնել են ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը:

«Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները կդառնան այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, տվյալների փոխանակումը՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված իրավախախտումների հայտնաբերման, կանխման և հետաքննության նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: