Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցելու հավասարը հավասարի հետ սկզբունքով. Զախարովա

Մոսկվան չի խուսափում դիվանագիտական ներկայացուցչությունների հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք չենք խուսափում երկխոսությունից և պատրաստ ենք պայմանավորվելու, սակայն միայն հավասարը հավասարի հետ սկզբունքով՝ փոխադարձության պայմանով, ինչի նշաններ Վաշինգտոնի գործողություններում չեն երևում՝ նույնիսկ խոշորացույցով նայելիս»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ամեն ինչ անում է ԱՄՆ-ում ռուսական հաստատությունների գործունեությունը խոչընդոտելու համար: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ամերիկյան կողմին կոչ է արել՝ մտածել նման գործողությունների հետևանքների մասին: