Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ. Թաներ Աքչամ

Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել  թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը:
 
Միջոցառմանը ներկա են եղել Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Ներածական խոսքով հանդես է եկել քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Միխայիլ Ցինիսիազելիսը, որը կարևորել է Թաներ Աքչամի դասախոսությունը՝ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանության պատճառներն ուսումնասիրելու տեսանկյունից, և շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանությանը ընձեռած նման հնարավորության համար։
 
Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք է հղել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը, շնորհակալություն հայտնելով Աթենքի համալսարանին դասախոսության անցկացման գործում աջակցության համար, բարձր է գնահատել Թաներ Աքչամի գործունեությունը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ գիտական արժեքավոր գործունեության հետևանքով ցեղասպանության կրթությանը էական նպաստ բերելու գործում։
 
 
Անդրադառնալով դասախոսության նյութին՝ դեսպանն ընդգծել է, որ պրոֆեսոր Աքչամի կողմից «Ցեղասպանության անատոմիան» 1878-ից սկսելը պատահական չէ, քանի որ այդ թվականին ստորագրված Սան Ստեֆանոյի և այնուհետև Բեռլինի միջազգային պայմանագրերում առաջին անգամ իրավական հարթությունում արձանագրվում են Օսմանյան կայսրության հայ բնակչության համար առկա անվտանգության սպառնալիքները, և պահանջվում են բարեփոխումներ հայկական վիլայեթներում։
 
Դեսպանը հավելել է, որ այդ գործընթացի տապալումն էր, որ հանգեցրեց հայ ժողովրդի պատմության ամենադաժան դրվագին՝ Հայոց ցեղասպանությանը։
 
Դեսպանն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի հեղինակած Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի կարևորությանը և ընդգծել, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ:
 
Պատմաբան Թաներ Աքչամն իր դասախոսության մեջ անդրադարձել է Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանությանը և նշել այն գործոնները, որոնք հիմք են հանդիսացել դրա իրագործման համար:
 
 
Ըստ Թաներ Աքչամի՝ Օսմանյան կայսրության իշխանությունը չէր կարող հաստատել հավասարության վրա հիմնված համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյաները չէին տեղավորվում մահմեդական ինստիտուտների մեջ:
 
Թուրք պատմաբանը նշել է, որ Օսմանյան իշխանությունները նպատակ ունեին վերակազմավորել ողջ Անատոլիան՝ դիմելով ժողովրդագրական փոփոխությունների՝ հիմք դնելով ստեղծելու այսօրվա ժամանակակից Թուրքիան:
 
May be an image of 9 people, people sitting, people standing and indoor
 
Եզրափակելով իր խոսքը` Թաներ Աքչամը նշել է՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ, սակայն պետական մակարդակով ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի: Դա նաև իրավական հետևանքների հարց է, որը նույնպես միանշանակ չի ընկալվում այդ երկրում: