ՀՀ-ում մարտին ռեկորդային քանակի ձյուն է եկել` որոշ տեղերում հասնելով 1 մ-ի․ Տեղումները կշարունակվեն

Վերջին 8 օրը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով, դիտվել են ռեկորդային քանակի ձյան տեղումներ։ Վերջին 40 տարվա ընթացքում Հայաստանում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մասնավորապես, Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70 սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100 սմ-ի և ավելին։

Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։ Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:

Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։

Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրն առանձնապես չի բարձրանա, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։

Հանրապետության տարածքում մարտի 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝ մարտի մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25 ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Երևանի քաղաքապետարանի Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար Հրաչյա Սարգսյանը մարտի 21-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ աղի և ավազի ծավալները կարող են չբավականացնել, եթե ձյունը 4-5 օր ևս շարունակվի։