Սանոսյան․ ՀՀ-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կխթանի գործակցությունն էներգետիկայի ոլորտում 14.03.2022 Լրահոս Հայ-Վրացական հարաբերություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդունելով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։
Նա նշել է, որ Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նոր խթան կհանդիսանա էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ գործակցության ընդլայնման և տարածաշրջանային մակարդակով փոխգործակցության զարգացման համար:
Նախարարի խոսքով, առկա է մեծ ներուժ, որը հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել, երբ կառուցվեն համապատասխան ենթակառուցվածքներ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին նախորդ տարի ՀՀ էլեկտրաէներգիայի մատակարարման համար, երբ Հայկական ատոմային էլեկտրակայանը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, կանգ էր առել։
Ռոմեո Միկաուտաձեն իր հերթին կարևորել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից էլ Վրաստանը նույնպես անցում է կատարում էներգետիկ շուկայի ազատականացման և հույս է հայտնել, որ այս հարթակում համագործակցությունը Հայաստանի հետ ևս հաջողված կլինի։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։