Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ավելի շուտ խորհրդանշական են, քան լուրջ

Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ավելի շուտ խորհրդանշական են, քան լուրջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ավելի շատ խորհրդանշական են, քան լուրջ»։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, անհրաժեշտ է առանց պատերազմի Ռուսաստանին հասկացնել, որ նա ստիպված է լինելու բարոյական, քաղաքական և ֆինանսական գին վճարել։

«Եթե մենք պետք է ինչ-որ բան սովորենք անցյալից՝ հիմնվելով 2008-ին Վրաստան և 2014-ին Ուկրաինա ներխուժման վրա, ապա դա այն է, որ մեր արևմտյան գործընկերները չօգտագործեցին այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեին այդ փուլում։ Ռուսաստանը սրա համար ամբողջությամբ չի վճարել, հնարավոր չի եղել զսպել։ Ահա թե ինչու մենք այսօր ունենք այս մարտահրավերը։ Ինչպե՞ս, առանց պատերազմի, Ռուսաստանին հասկացնել, որ նա ստիպված է լինելու բարոյական, քաղաքական, ֆինանսական գին վճարել։ Որո՞նք են մեխանիզմները: Սա պատժամիջոցների մի շարք է, որը որոշակի ձև է ապահովելու և ունենալու է արդյունք։ Արևմտյան երկրները փորձ ունեն, երբ կիրառվող պատժամիջոցներն արդյունք են տալիս»,- ասել է Զուրաբիշվիլին։

Մինչդեռ այն հարցին, թե արդյոք Վրաստանը պետք է միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, Զուրաբիշվիլին պատասխանել է, որ այդ հարցը պետք է քննարկվի գործընկերների հետ։