Վլադիմիր Զելենսկին՝ Ջո Բայդենին. Ձեր ժամանումը Կիև առաջիկա օրերին հզոր ազդանշան կլինի և կնպաստի լարվածության թուլացմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին հրավիրել է այցելել Կիև և հույս հայտնել, որ առաջիկա օրերին նրա ժամանումը կնպաստի լարվածության թուլացմանը։ Այս մասին կիրակի օրը հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Համոզված եմ, որ առաջիկա օրերին ձեր ժամանումը Կիև, որոնք որոշիչ են իրավիճակի կայունացման համար, հզոր ազդանշան կլինի և կնպաստի լարվածության թուլացմանը», — ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև հավաստիացրել է Բայդենին, որ Ուկրաինայի մայրաքաղաքն ու երկրի խոշոր քաղաքներն ապահով են։
«Մենք կդադարեցնենք Ուկրաինայի նկատմամբ ցանկացած էսկալացիա. Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, մեր պետության մյուս քաղաքները՝ Խարկովն ու Լվովը, Դնեպրն ու Օդեսան, ապահով և հուսալի պաշտպանության տակ են»,- ասել է պետության ղեկավարը, մեջբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմը «հասկանում է առկա բոլոր ռիսկերը, պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման»։
Կողմերը քննարկել են բանակցային բոլոր առկա ձևաչափերում լարվածության թուլացման և խաղաղության հասնելու քայլերը։ «Ուշադրություն է դարձվել առկա բոլոր բանակցային ձևաչափերի շրջանակներում դեէսկալացիայի և խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինային միջազգային աջակցությունը համախմբելու Միացյալ Նահանգների ջանքերի կարևորությունը»,- ասվում է գրասենյակում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ աջակցությունը կօգնի կանխել խուճապի տարածումը։ Ուկրաինական պետության ղեկավարը նշել է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների քայլերը, որոնք շարունակում են Կիևին «արդյունավետ» աջակցություն ցուցաբերել։ «Մենք դա զգում ենք։ Եվ հուսով ենք, որ, ի թիվս այլ բաների, դա կօգնի կանխել խուճապի տարածումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զելենսկին նաև Բայդենին ասել է, որ Կիևը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել իր անվտանգության երաշխիքները։
Ինչպես նշել են նախագահականում, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Միացյալ Նահանգների անսասան աջակցության համար» և «նշել է ուկրաինական կողմին անվտանգության արդյունավետ երաշխիքներ տրամադրելու կարևորությունը»։
«Մենք պատրաստ ենք դրանք քննարկել տարբեր ձևաչափերով»,- ասել է Զելենսկին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել առանց Ուկրաինայի անվտանգության»։