Ախալցխացիները ուխտագնացության մեկնեցին Արեւմտյան Հայաստան

Ախալցխացիները ուխտագնացության մեկնեցին Արեւմտյան Հայաստան

Սեպտեմբերի 25-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի, Նինոծմինդայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Արմաշ քհն․ Պողոսյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝ Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 40 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արևմտյան Հայաստան։

Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ուխտավորներն առաջինն այցելցին Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո), որից հետո ուղևորվեցին դեպի Կարս։ Այցելեցին Կարսի Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ 928-953թթ. որը, ցավոք սրտի վերածվել է մզկիթի։ Ուխտավորներն հիացան Կարսի բերդի անառիկ տեսքով, որտեղից բացվում էր Կարսի համայնապատկերը։

Ուխտավորներն անցան Սբ․ Վարդանի կամրջով`տեսնելով սև քարով պատրաստված երկհարկանի տները և դրանց կողքին Եղիշե Չարենցի հայրական տան փլատակները։ Հաջորդ կանգառը Անիի Մայր Տաճարն էր։ Այցելեցին նաև Յաղջիլար (Քարընկոցը) գյուղ, որտեղից գաղթել են Փոքր Պամաճ գյուղի բնակիչները։

Հաջորդ օրը ուխտավորներն ուղևորվեցին դեպի Էրզրում`Արեւմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներից մեկը, որտեղից Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ 1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. հայ գաղթել և բնակություն են հաստատել Ջավախքում: Էրզրումում այցելեցին հայկական Եկեղեցի և Սանասարյան վարժարանը։

Ուխտավորներն ուղևորվեցին դեպի Տարոն աշխարհ՝ Մուշ: Մուշում այցելեցին Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսաավեր է,նաև Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը, բարձրացան Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:

Հաջորդ այցը Աղթամար կղզին էր, Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.:

Հաջորդ կանգառը եղավ Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Վանա բերդ, որը կառուցված է Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները:
Ուխտավորներն այստեղ այցելեցին Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա է գտնվում հինավուրց բերդը, այդ մասին գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է․ այնպիսի տեղերի վրա է հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնել»։

Հիացան Բերկրի ջրվեժի գեղեցկությամբ։ Այցելեցին նաև Մհերի դուռ։

Ուխտավորներն միասնաբար աղոթեցին և Հոգևոր կենարար մեծ ուժ ստացած վերադարձան Ախալցխա։