Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը ՄԱԿ-ի ամբիոնից. Երևանի կտրուկ պատասխանը Բաքվի ռազմատենչությանը

Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը ՄԱԿ-ի ամբիոնից. Երևանի կտրուկ պատասխանը Բաքվի ռազմատենչությանը

Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև ԼՂ խնդրին։ Հայաստանի վարչապետը վերահաստատել է Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթությունը և ասել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում, և հաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը։

«Ռազմական միջոցներով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ անմիջական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»:

Նիկոլ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ բացահայտելով դրա հակասականությունն ու դեստրուկտիվ բնույթը։ «Նա պետք է հրաժարվի ռազմական ցանկացած լուծման գաղափարից և կատարի նախկինում կնքված բոլոր համաձայնությունները: Ավելին՝ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղաշինության գործընթացին, ապա պետք է բանակցություններ սկսի այս հակամարտության հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով նշում է, որ Ղարաբաղը պետք է իր տարածքի մասը կազմի, սակայն միևնույն ժամանակ նաև հայտարարում է, որ բանակցություններ չի վարելու Լեռնային Ղարաբաղի հետ: Հարցը հետևյալն է. ինչպե՞ս կարող է Ադրբեջանը պահանջներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և միևնույն ժամանակ չխոսել նրա հետ»,- ընդգծել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հանգել է այն տրամաբանական եզրակացության, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է ստանալ տարածքը, բայց ոչ՝ ժողովրդին։ «Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կառավարության մտադրությունը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է, ինչպես արվել է Նախիջևանում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Այս պատճառով, ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղը կարող է գալ այն եզրահանգման, որ Ադրբեջանի մասը կազմելն իր համար կնշանակի լիովին ոչնչացված լինել: Ուստի հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը կանխելու համար Լեռնային Ղարաբաղը չպետք է Ադրբեջանի մաս կազմի:

Իհարկե, այս թեզն առաջին անգամ չէ, որ հնչեցվում է Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից, սակայն Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, ըստ էության՝ որպես Երևանի պաշտոնական տեսակետ, ձևակերպեց Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման կարևոր մոտիվ, որն ընկած է միջազգային հանրության կողմից, օրինակ՝ Կոսովոյի անկախության ճանաչման հիմքում։

Հայաստանի վարչապետը ԼՂՀ անկախության, նրա միջազգային ճանաչման անհրաժեշտության հիմքում դրեց Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու թեզը։ Ադրբեջանը՝ իր ագրեսիվ հռետորաբանությամբ, դեսպոտ համակարգով, այն երկիրը չէ, որ կարողանա երաշխավորել Արցախի ժողովրդի ազատությունն ու անկախությունը, ավելին՝ Նախիջևանի նախադեպը հուշում է, որ ԼՂՀ ժողովրդին սպառնում է ցեղասպանվելու վտանգը։ Ըստ այդմ՝ Արցախի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունեն, դա միակ միջոցն է, որը երաշխավորում է ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը։ Հենց այս գործոնը հաշվի առնելով՝ միջազգային հանրությունը ճանաչեց Կոսովոյի անկախությունը՝ ըստ էության ստեղծելով նախադեպ, որ ինքնորոշման իրավունքի, անկախության ճանաչումը դառնում են իմպերատիվ, եթե դրա այլընտրանքը ցեղասպանության վտանգն է։

Եթե անգամ այս թեզը Հայաստանի ղեկավարները նախկինում հնչեցրել են, ապա այն, մեղմ ասած, համոզիչ չի եղել, որովհետև անցած քսանամյակում Հայաստանում ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգը որակապես չի տարբերվել այն ռեժիմից, որը գոյություն ունի Ադրբեջանում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդավարական Հայաստանը, ինչը սկզբունքորեն փոխում է նաև Արցախի խնդրի միջազգային ընկալումը, ու հիմա, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը նման է 90-ականների սկզբի համատեքստին, երբ պատերազմում Հայաստանի հաղթանակն Ադրբեջանի հանդեպ միջազգայնորեն, ըստ էության, լեգիտիմացվեց, որովհետև դա ժողովրդավարության, ազատության մոդելի հաղթանակն էր դեսպոտիզմի, ավտորիտարիզմի նկատմամբ։

Հայաստանում թավշյա հեղափոխության շնորհիվ ժողովրդավարության բաղադրիչը դարձյալ կարևոր դեր կարող է խաղալ ԼՂ կարգավորման գործընթացում՝ դառնալով միջազգային ընկալման, արձագանքման կարևոր գործոն։ Հայաստանի անշրջելի ժողովրդավարացումը կարող է միջազգային հարթակներում ապահովել հայկական կողմի դիրքորոշումների լեգիտիմությունը՝ համաշխարհային բարենպաստ համատեքստ ձևավորելով Արցախի անկախության ճանաչման համար, եթե Երևանը կարողանա վարել արդյունավետ ու նպատակային, իրապես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։

Իհարկե, մի փոքր տարակուսելի է, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չանդրադարձով տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, հայ-թուրքական հարաբերություններին ու Հայաստանի ապաշրջափակման անհրաժեշտությանը՝ իր ելույթի անավարտության որոշակի տպավորություն ստեղծելով, սակայն այդ թեման առանձին անդրադարձի անհրաժեշտություն ունի։

Աղբյուր `1in.am