Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան

Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է Մերկելի ինքնաթիռի վայրէջքն ու նրան դիմավորելու պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի առաջին այցը Հայաստան․ Երևանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորում եմ Անգելա Մերկելին»,-գրել է Փաշինյանը:

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Գերմանիայի կանցլերը նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։