Ջավախքահայերը մասնակցեցին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին

Ջավախքահայերը մասնակցեցին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին

Ջավախքահայերը եւս մասնակցեցին այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, որը նվիրված էր թավշյա հեղափոխության հոբելյանական 100 օրվան։ Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա Սամցխե-Ջավախքի հայությունը, որպես հայ ժողովրդի անբաժան մասնիկ աջակցել է թավշյա հեղափոխությանը ընթացքին տարբեր միջոցներով ու ձեւերով։

Եւ այդ գաղափարին հավատարիմ, որ այլեւս պետք է կառուցվի նոր ու արդար Հայաստան Ջավախքի երիտասարդությունը ինչպես միշտ համախմբված մասնակցեց օգոստոսի 17-ի հանրահավաքին։

«Հազարավոր ջավախքցիներ իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին: Մենք գիտենք, որ կան խնդիրներ, բայց գիտակցում ենք, որ այդ խնդիրները հնարավոր է լուծել մեր միասնականությամբ, մայր հայրենիքի և սփյուռքի ներուժը համադրելու ճանապարհով: Եւ հայ վրացական հարաբերությունները, և Ջավախքը ավելի կենսունակ են ուժեղ և ազատ Հայաստանի գոյությամբ», ասում է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:

Ասպիրանտ Ալիկ Բասենցյանի խոսքերով Ջավախի ժողովուրդը հանրահավաքին մասնակցելով մեկ անգամ եւս վերահաստատեց իր մոտեցումը թավշյա հեղափոխության նկատմամբ։ «Այս քայլով մենք՝ ջավախքցիներս ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր աջակցությունը ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական պրոցեսներին: Ինչպես բուն թավշյա հեղափոխության ժամանակահատվածում, այնպես էլ հիմա ջավախքցիների ներկայությունը զգալի էր, դրա լավագույն ապացույցը այն էր, որ սկսեցին քայլել Արցախի պողոտայով «Ջավախք» վերտառությամբ պաստառը ձեռքերիս, երեք ջավախքցիներով, իսկ արդեն Հանրապետության հրապարակ մտանք հարյուրից ավել ու թերևս մարդիկ ամենաշատ էին գալիս ու նկարվում մեր պաստառի հետ»,-ասում է Ալիկ Բասենցյանը։