Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի 100 օրվա կապակցությամբ Գլենդելում հանրահավաք է տեղի ունենալու

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի 100 օրվա կապակցությամբ Գլենդելում հանրահավաք է տեղի ունենալու

Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում թավշյա հեղափոխության 100 օրվա կապակցությամբ հանրահավաք է տեղի ունենալու։ Հանրահավաքը կազմակերպում է նոր ձեւավորված սփյուռքի համակարգող խորհուրդը։ Հանրահավաքը տեղի կունենա Գլենդելի քաղաքապետարանի դիմաց,  որին մասնակցելու են մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունը հայտնելով հանրահավաքի կազմակերպման գաղափարին։

«Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ այնտեղ կատարվող բարեփոխումներին աջակցելու նպատակով Լոսանջելեսի հայությունը օգոստոսի 17-ին Գլենդելում եւս որոշել է հանրահավաք անցկացնել։ Հանրահավաքի ընթացքում խոսվելու է ինչպես Հայաստանին աջակցություն հայտնելու մասին, այնպես էլ սփյուռքի կառավարման ու համախմբման մասին։ Այստեղ այդ հարցերով որոշակի կոնսենսուս կա մի շարք կազմակերպությունների միջեւ։ Հանրահավաքից հետո որոշ ժամանակ անց կլինեն նաեւ խորհրդակցություններ տարբեր խմբերի հետ գաղափարը կյանքի կոչելու համար։ Այս ամենը արվում է, որպեսզի միշտ կարողանանք կազմակերպված պահել մեր համայնքը եւ Հայաստանի Հանրապետության թիկունքին կանգնած լինել»,-ասում է սփյուռքի համակարգող խորհրդի համահիմնադիրներից Կարեն Գալստյանը։

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխության օրերին նույն Լոսանջելեսի հայ համայնքը շատ ակտիվ էր եւ բազմաթիվ ցույցեր էր կազմակերպում հեղափոխությանը աջակցելու համար։