Վրաստանում երրորդ ուժերը ստեղծում են հակահայկական տրամադրություններ

Վրաստանում երրորդ ուժերը ստեղծում են հակահայկական տրամադրություններ

Արդեն վաղուց Վրաստանում երրորդ ուժերը հանրության մեջ աշխատանք են տանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ։ Հիմնականում այդ ուժերն են Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն հաճախ նման տրամադրություններ ստեղծելու համար աշխատանք է տանում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, ադրբեջանցիների հետ համատեղ։

Դրա վերջին ու վառ ապացույցներից է ռուս վերլուծաբան ու քաղաքագետ Մաքսիմ Շեւչենկոի այն հայտարարությունը «Эхо Москвы» ռադիոյի ուղիղ եթերում, որ ահա իբր հայկական լոբբին Ռուսաստանում ԱԳՆ-ի միջոցով ազդել է Սիրիական իշխանությունների վրա եւ վերջիններս ճանաչել են Վրաստանի բռնագրավված տարածքների անկախությունը։ Վերլուծաբանը դա պարզաբանում է նրանով, որ Հայաստանին այդ քայլը անհրաժեշտ էր հեղափոխությունից հետո Ռուսաստանի ուշադրությունը իր վրայից շեղելու համար։

Ինչքան էլ անհեթեթ թվա ռուս վերլուծաբան Մաքսիմ Շեւչենկոի տվյալ արտահայտությունը, Վրաստանում արագ գտնվեցին մարդիկ ովքեր հավատացին կասկածելի աղբյուրներից սնվող տվյալ հակահայ անձնավորությանը եւ նման ոճով հակահայկական տրամադրություններ սկսեցին տարածել Վրաստանի սոցիալական ցանցերում։  Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ոմն Դավիթ Նեմսաձեն, ով Վրացական բանակի նախկին սպա է եւ այժմ ղեկավարում է «Զինված ուժերի հասարակական վերահսկողության խմբ» կազմակերպությունը հունիսի 14-ին facebook ուղիղ եթերում կոչ է արել Թբիլիսիում բնակվող հայերին ցույց անցկացնել ՀՀ դեսպանության դիմաց, քանի, որ հունիսի 12-ին Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել վրաց փախստականների Աբխազիա ու Հարավային Օսիա վերադարձի բանաձեւին։

Տվյալ տեսաուղերձում Դավիթ Նեմսաձեն հիշեցնում է հայ ժողովրդին, որ նրանք պայքարել են աբխազների կողմից եւ կրկնել է Մաքսիմ Շեւչենկոի հակահայ միտքը, որ իբր հայկական լոբբիի ազդեցության ներքո է Սիրիան ճանաչել Վրաստանի բռնագրավված տարածքների անկախությունը։ Տվյալ տեսաուղերձը բավական մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում եւ առաջացրել հակահայկական նոր ալիք Վրաստանում։

Արդեն հունիսի 18-ին Դավիթ Նեմսաձեն ցույց է կազմակերպել ՀՀ դեսպանատան առջեւ իր բողոքը հայտնելով հունիսի 12-ին ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության դեմ, որի ընթացքում սադրանք  է տեղի ունեցել։ Այդ ամենը ակտիվ լուսաբանել  ու տարածել է ադրբեջանական փողերով ստեղծված եւ մինչեւ օրս ֆինանսավորվող «Кавказ ПЛЮС» լրատվական կայքը։

Անկեղծ ասած դժվար է այս պահին դատել հասարակական ակտիվիստ Դավիթ Նեմսաձեի ելույթների ու հանրահավաքների անկեղծության մասին, սակայն պետք է նշել, որ ցանկացած հակահայկական դրսեւորումների հետեւում շատ հաճախ կանգնած են ադրբեջանական ուժերը, որոնք մեծ գումարներ են ներդնում հակահայկական քարոզչություն իրականացնելու համար։ Եւ այս համատեքստում պատահական չէ նաեւ Մաքսիմ Շևչենկոի մտքերի կրկնությունը Դավիթ Նեմսաձեի վիդեոուղերձում։

Ամեն ինչ ոչինչ, եթե հայկական լրատվամիջոցներում չտարածվեր այն տեղեկատվությունը, որ ծնունդով սիրիացի ՀՀ քաղաքացիներին Վրաստանը այլեւս չի թույլատրում մուտք գործել իր երկիր։ Դա վկայում է այն մասին, որ Վրաստանի իշխանությունների մեջ ոմանք (ինչքան էլ տխուր է դա փաստել) Ռուսաստանում ու սեփական երկրում գտնվող ադրբեջանական քարոզչամեքենայի «կուտը կերել են»։

Սակայն դա եւս դեռ ոչինչ։ Խնդիրը նրանում է, որ վրաց հասարակության մեջ տվյալ ապատեղեկատվությունը նոր հակահայ ալիք է բարձրացնում, ինչը սկսում է վտանգել հայ-վրացական եղբայրական հարաբերությունների ապագան։

Այս հակահայկական քարոզչության ալիքի ներքո Ախալցխայում ազգային ատելության հենքի վրա խուլիգանական արարք է տեղի ունեցել։ Խոսքը նրա մասին է, որ հունիսի 23-ի ուշ գիշերին Սամցխե-Ջավախքի հակահետախուզական բաժանմունքի նախկին տեղակալ Գոչա Գելաշվիլին, ով նոր իշխանությունների ժամանակ ազատվել էր աշխատանքից, հարբած վիճակում դուրս է եկել Կլդեաշվիլի փողոց որսորդական հրացանը ձեռքին եւ հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրել։

Հետաքրքրական է այն փաստը, որ իր հայհոյանքները հայերի նկատմամբ տվյալ անձնավորությունը սկսել է հետեւյալ արտահայտությունից․ «Հայեր ով որ չի ճանաչում Վրաստանի անկախությունը․․․», եւ հետո երկար ժամանակ հայհոյանքներ հնչեցրել, զգուշացնելով իր հայ հարեւաններին, որ այլեւս նրանց չտեսնի իր փողոցում։

Խոսակցություններ են պտտվում, որ 2012 թվականին աշխատանքից ազատվելուց հետո Գոչա Գելաշվիլին աշխատել է «Փարվանա» ՀԵԿ-ում, որպես ադրբեջանական ընկերության անվտանգության բաժնի ղեկավար։

Հարեւանների վկայությամբ տվյալ անձը նոր էր վերադարձել եկեղեցական մեկուսարանից եւ կրկին պատրաստվում էր մեկնել եկեղեցի։ Չափազանց ցավալի է նաեւ այն փաստը, որ վրացական կեղեցում տվյալ անհատին հոգեւորականները չէին կարողացել բացատրել, որ զայրույթը, հարբեցողությունը եւ ատելությունը լրջագույն մեղքերի շարքին են պատկանում ըստ քրիստոնեական դավանանքի եւ պետք է սիրել մերձավորին, ինչպես դու սիրում ես քո անձը։ Այդ գաղափարին հետեւելով միայն կարելի է դառնալ իսկական քրիստոնյա ճգնավոր։

Ինչվորէ թողնենք եկեղեցականների քարոզը եկեղեցուն եւ վերադառնանք մեր աշխարհիկ խնդիրներին։ Կատարվածից  մեկ անգամ եւս կարելի է փաստել, որ Վրաստանում հակահայկական ատելությունը ու քարոզչությունը իրականում շատ վտանգավոր դրսեւորումներ են ստանում եւ անկասկած ուղղորդվում են երրորդ երկրների կողմից։ Եթե վրացական իշխանությունները, ինչպես նախկինում մատների արանքով նայեն այս ամենին եւ երբեմն խայծը կուլ տան, ինչպես դա եղավ սիրիացի հայերի դեպքում,  ապա այս ամենը կարող է բերել լուրջ հետեւանքների։

Բոլորս միասին պետք է հասունանանք եւ հասկանանք, որ սա այն հարցը չէ թե ով է ավելի հին, կամ ով ավելի լավ մշակույթ ու գինի ունի։ Հարցը շատ ավելի լուրջ է քան երբեւէ մենք պատկերացնում էինք։ Երրորդ կողմը օգտվելով մեր դարերից եկող միամիտ վեճերից թե ով է ավելի լավը այս աշխարհում, սկսել է այդ միամիտ «վեճը» քաղաքական հարթակ տեղափոխել ու լարել եւ թունավորել մեր դարավոր հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով առաջին հերթին պետք է սթափվեն մեր երկու եղբայրական պետությունների իշխանությունները եւ միմյանց նկատմամբ քվեարկություններ անցկացնելով ՄԱԿ-ում  կամ այլուր, հաշվի առնեն նաեւ մեկ հողի վրա ապրող երկու ժողովուրդների շահը եւ երրորդ կողմի առկայության խնդիրը, որը առիթ է ման գալիս սեպ խրելու հայ-վրացական հարաբերությունների մեջ։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում Վրաստանում վառ պահելու բռնագրավված Աբխազիայի կողմից Վրաստանի դեմ տեղացի հայերի պատերազմելու հարցը։ Սակայն ոչ ոք հայկական կողմից չգիտես ինչու չի խոսում այն մասին, որ Վրաստանի կողմից հարյուրավոր հայեր մասնակցել են Աբխազիան հետ վերադարձնելու վրացական բանակի գործողություններին։ Նրանց թվում անշուշտ շատ կան անհետ կորածներ, զոհվածներ եւ հաշմանդամ մնացածներ։ Ինչպես նաեւ հանուն Վրաստանի միասնության կռված ու հերոսացած հայեր։ Ինչո՞ւ չի խոսվում դրա մասին եւ այդ մարդկանց մենք ինչո՞ւ հանրային կերպով չենք մեծարում, որպեսզի իսպառ փակենք այդ հակահայկական քարոզչության բերանը։

Եթե Հայաստանը ու Վրաստանը պետական մակարդակով աշխատանք չտանեն նման վտանգավոր երեւույթներին հակազդելու համար, որոնք իրականացվում են պետական մակարդակով Ադրբեջանի կողմից, ապա դժվար է պատկերացնել հաջորդ հակահայկական դրսեւորումները ինչ առիթով են գլուխ բարձրացնելու եւ ինչ հետեւանքների են բերելու։ Նման դավադրությունները կործանարար են հայ-վրացական հասարակության համար, որից շահելու են մեր մեջ խնդիրներ ստեղծող ուժերը։

Յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի պետք է հասկանա տվյալ փաստը, հակառակ պարագայում իր «հայրենասիրական» դրսեւորումները կօգտագործվեն սեփական երկրի շահերին դեմ։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան