Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մայիսի 8-ին մի խումբ ախալցխահայեր միկրոաֆտոբուսով այցելեցին Երեւան մասնակցելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու ժողովրդական տոնախմբությանը։ Այցելությունը իրականացվեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի կազմակերպչական աշխատանքի շնորհիվ, որի իրականացմանը օժանդակեց գործարար Սամվել Աղեկյանը։ Երեւանում ախալցխացիներին դիմավորեց գործարար Սամվել Աղեկյանը, ինչից հետո բոլորը միասին շարժվեցին Հանրապետության հրապարակ։

Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի հետ միասին Ախալցխայից ժամանած ժողովուրդը մեծ ցնծությամբ ընդունեց ՀՀ ազգային ժողովի քվեարկությունը, ըստ որի Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ։

«Մենք հույս ունենք, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանը կիրականացնի լուրջ բարեփոխումներ, ինչի արդյունքում երկրում կվերանա կաշառակերությունը ու կհաստատվի օրենքի գերակայությունը։ Հայաստանը պետք է դառնա հզոր ու ժողովրդավարական երկիր։ Մենք պետք է հասնենք ու նույնիսկ անցնենք հարեւան Վրաստանից մեր բարեփոխված պետական համակարգով»,-ասաց Հանրապետության հրապարակ եկած Երեւանի բնակիչներից մեկը։

«Մեզ շատ դժվար էր հեռուստացույցով դիտել այն, ինչ կատարվում էր Երեւանում։ Ուզում էինք անմիջապես մասնակից լինել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին ու ահա մենք այստեղ ենք, որ մեր ժողովրդի հետ վայելենք այս մեծ ուրախությունը, որը ապրում է այսօր Հայաստանի ժողովուրդը»,-ասում է Ախալցխայի բնակիչներից մեկը։