Ապրիլի 24-ը Ախալցխայում

Akhaltskha.Net-Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։

Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։

Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության բազմահազարանոց թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար հուշակոթող։

Քաղաքում պահանջատեր ժողովուրդը ճանաչման կոչերով, պաստառներով եւ պետական դրոշներով մեկ անգամ եւս հիշեցրեց բոլորին, որ ոչինչ չի մոռացվել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարություն եւ հատուցում։

Խաչքար-հուշակոթող հասնելուն պես բազմաթիվ մարդիկ (այդ թվում երիտասարդներ ու պատանիներ) հանդես եկան Ցեղասպանությունը եւ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դատապարտող ելույթներով։ Ելույթները կարդացին ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն եւ ռուսերեն լեզուներով։ Երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր:

Խաչքարի մոտ իր խոսքը ասեց նաեւ խորհրդարանում Ախալցխայի շրջանից ընտրված մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, ով դատապարտեց հայերի հանդեպ կատարված Ցեղասպանությունը եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեյի հետ ծաղկեփունջ դրեց խաչքար հուշակոթողի մոտ: