Նաիրի Իրիցյան․ Կարտոֆիլի իրացման հիմնախնդիրը բազում տարիների պատմություն ունի

Նաիրի Իրիցյան․ Կարտոֆիլի իրացման հիմնախնդիրը բազում տարիների պատմություն ունի

Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի իրացման խնդրի շուրջ Akhaltskha.net–ը զրուցեց Ախալքալաքի շրջանային ժողովինախագահ Նաիրի Իրիցյանի հետ։

Պրն. Իրիցյան Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեզ տված հարցազրույցում նշել է, որ շրջանում Կարտոֆիլի իրացման խնդիրը մնում է չլուծված։ Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը։

-Նախ ուզում եմ նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի սպառման շուկայի հարցը հիմնախնդիր է, որի լուծմամբ աշխատանքները մեր կողմից կատարվում են արդեն մի քանի ամիս: Խնդիրը կա և այդ մասին առաջինն ահազանգել ենք մենք: Կրկնել կարող են նաև այլոք:

Հիշեցնեմ, որ փետրվարի 13-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը մեզ հետ միասին այցելել է գյուղեր։ (Այս մասին հաղորդել էր Akhaltskha.Net-ը), ծանոթանալով իրավիճակին, հարցի լուծման համար հետագայում բազում հանդիպումներ ունեցել պատասխանատու պետական այրերի հետ:

Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին հարցի լուծմանը նպաստելու համար: Միաժամանակ պիտի նշեմ, կարտոֆիլի իրացման գործընթացը շարունակվում է, որ հենց այսօրվա տվյալներով մեր համագյուղացիները Թբիլիսիում կարտոֆիլը վաճառել են 80 թեթրիով, իսկ տեղում վաճառել են 55-60 թեթրիով: Բնական է, որ Թբիլիսիի գինն ավելի բարձր է, քանզի արտադրողը կատարել է նաև տարբեր ծախսեր կարտոֆիլը մայրաքաղաք հասցնելու համար: Մյուս կողմից խոսքս կհիմնավորեմ փաստերով:

2006 թ-ին Ախալքալաքում բացված Մերսիկոր կազմակերպության կողմից 2007-2008 թթ-ին շրջան բերվեցին մեծ քանակությամբ կարտոֆիլի նոր սերմացուներ և առաջատար տեխնոլոգիաներ: Կարտոֆիլագործությունը նոր թափ ստացավ, տարեց տարի ավելացան ցանքատարածքները:

Եթե 2014 թ-ին մոտ 6000 հա հողատարածքում է կարտոֆիլ ցանվել, ապա 2017 թ- ին ցանքատարածությունների ցուցանիշը կազմել է մոտ 11 000 հա, ստացված բերքն էլ՝ մոտ 150 000 տ:

Չնայած պահպանման, իրացման, բերքահավաքի, երաշտի, ոռոգման եւ այլ տեսակի խնդիրներին, մարդիկ շարունակում են ավելի շատ կարտոֆիլ մշակել: Այս բնագավառում չկա հստակ մշակված ռազմավարություն:

«Հայրենասերների դաշինք» խմբակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանի խոսքերով շրջանի մաժորիտար պատգամավորի ջանքերը չեն տվել նշանակալի արդյունք կարտոֆիլի իրացման գործում։ Մասնավորապես խոսքը կառավարության ընդունված որոշման մասին է, որի համաձայն մինչև հունիսի 1-ը Վրաստան չի ներկրվելու թուրքական կարտոֆիլը։ Սակրեբուլոյի ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է մեզ, որ դիմել է Ախալքալաքի շրջանային ժողովին հարցին վերջնական լուծում տալու համար։ Խոսքը ապագայի մասին է։ Սակայն նա չի մանրամասնում թե ինչ կերպ է տեսնում հարցի լուծումը։ Արդյոք ձեզ ներկայացվել է նրա խմբակցության տեսակետը այս հարցի վերաբերյալ եւ որն է ձեր լուծման տարբերակը, եթե ի հարկ է այն գոյություն ունի։

Գյուղատնտեսական կարևոր նշանակության այս մշակաբույսի արտադրության, իրացման ծավալների եւ շուկայական գների մասին խոսակցություններն հատկապես թեժանում են տարվա այս եղանակին, երբ շուկայում դրա պահանջարկը նվազում է:

Անվտանգության ապահովման անհապաղ միջոցառումների նպատակով Վրաստանի տարածք Թուրքիայից ֆիտոսանիտարական հսկողության ներքո գտնվող մթերքի ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագծի հեղինակն է Վրաստանի Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից ստորագրած հրամանագիրը թույլ կտա խուսափել երկրում կարտոֆիլի քաղցկեղի հնարավոր տարածումից: Սա ժամանակավոր միջոցառում է, 3 ամիս տևողությամբ, որպեսզի քաղցկեղով վարակված կարտոֆիլը չտարածվի Վրաստանում:

Իսկ թե մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ջանքերն այս ուղղությամբ որքանով են եղել արդյունավետ, ապացուցում է Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից ստորագրած հրամանագիրը և դրա մասին շատ լավ գիտեն նրանք, ովքեր օգտվել են վերոհիշյալ որոշումից հետո մեր կարտոֆիլի իրացման ազատ շուկայից: Ուղակի պետք է լինել իրատես և ընդունել կատարված փաստը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի շրջանային ժողովը տեղյակ է առկա խնդիրների մասին: Մենք ինքներս ենք 2 ամիս առաջ սկսել այս գործընթացը:

Իսկ ընդդիմադիր պատգամավորի դիմումի մասին կարող եմ ասել, որ այնտեղ, իրոք, հարցի կոնկրետ լուծում ներկայացված չէ:

Կարտոֆիլի իրացման հիմնախնդիրը բազում տարիների պատմություն ունի և հարցին վերջնական լուծում չի տրվել տարիներ ի վեր:

Իսկ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, գտնում ենք, որ գյուղատնտեսության զարգացման բնագավառում պիտի լինեն նոր մոտեցումներ: Շատերին է հայտնի, որ «Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդը, ընդունվել է որպես պաշտպանված աշխարհագրական նշում Եվրամիության տարածքում: Սա արդեն մարկետինգի բնագավառում նշանակալի ձեռքբերում է:

Պետք է արտադրության ծավալները համապատասխանեն իրացման վիճակագրական տվյալներին, պետք է շուկայի ուսումնասիրման մեխանիզմներ մշակվեն, կարտոֆիլի վերամշակման ձեռնարկությունների կառուցումը նույնպես իրատեսական ելք կարող է հանդիսանալ:

Ավանդականից այլընտրանքային մշակաբույսերի աճեցման անցումը կարող է հարցի լուծման ևս մի տարբերակ լինել:

Հարցի լուծման համար կառուցողական մոտեցում ցուցաբերել է պետք, ինչով էլ զբաղվում ենք և՛ մենք, և՛ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: