Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմն այս պահի դրությամբ 1 հայկական եկեղեցու՝ Թանդոյանց եկեղեցու հարցով է դիմել դատարան, սակայն տարիներ է վեր թեմը Վրաստանի իշխանություններից պահանջում է թեմի սեփականությունը ճանաչել ևս 6 հայկական եկեղեցի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվում Վիրահայոց թեմի կողմից վիճահարույց այլ եկեղեցիների վերաբերյալ, որոնց հարցով դատական գործընթաց չկա:

Նշենք, որ Վիրահայոց թեմը համարում է, որ կեղծ փաստաթղթի հիման վրա Թանդոյանց եկեղեցին փոխանցվել է վրաց պատրիարքարանին և դիմել է դատարան՝ կա՛մ եկեղեցին Վիրահայոց թեմին վերադարձնելու, կա՛մ եկեղեցին կրկին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով:

«Վիրահայոց թեմը դիմել է Վրաստանի իշխանություններին մինչև խորհրդային իշխանության հաստատվելը Վրաստանում եղած և խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական եկեղեցիները թեմի սեփականությունը ճանաչելու պահանջով:

Մասնավորապես՝ Թբիլիսիի Նորաշեն Սբ Աստվածածին եկեղեցին, Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցին, Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցին, Թբիլիսիի Երևանցոց Սբ Մինաս եկեղեցին, Թբիլիսիի Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցին և Ախալցիխեի Սբ Նշան եկեղեցին»,-ասաց Սուսաննա Խաչատրյանը՝ հավելելով, որ դրանց 2017-ին ավելացել է նաև Թանդոյանց եկեղեցին:

Խաչատրյանն ասաց, որ տարիներ առաջ Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմը ներկայացրել է 442 հայկական եկեղեցու ցուցակ, այդ ցուցակում եղել է նաև Թանդոյանց եկեղեցին. «Այստեղ մի նրբություն կա. Թանդոյանց եկեղեցու հայկական լինելու փաստը երբեք ոչ ոք կասկածի տակ չի դրել, այն կառուցվել է որպես հայկական եկեղեցի, և հայկական է, դատարանում էլ ապացույցներ չունեն, որ եկեղեցին հայկական չէ»:Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ Թանդոյանց եկեղեցու հարցով մինչև դատարան դիմելը Վիրահայոց թեմը Վրաստանում գործող կառույցների հետ բանակցել են, սակայն բանավոր, գրավոր խնդրանքներով հարցը չի լուծվել և հարցը տեղափոխել են իրավական դաշտ:

Հարցին, թե այդ 7 եկեղեցիները որևէ մեկի սեփականությունը չե՞ն, Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ վիճարկվում է հենց սեփականության հարցը, և Վիրահայոց թեմը պահանջում է այդ եկեղեցիները ճանաչել որպես թեմի սեփականություն:

Բացի այդ, Սուսաննա Խաչատրյանը հայտնեց, որ Վրաստանում 2002 թվականին եկեղեցու և պետության միջև կնքված համաձայնագրում մի կետ կա, որը վտանգ է ներկայացնում Վրաստանում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար.«Պետության և վրաց պատրիարքարանի միջև կնքված սահմանադրական համաձայնագրի 2-րդ կետի համաձայն՝ Վրաստանում բոլոր քրիստոնեական եկեղեցիները համարվում են Վրաց եկեղեցուն պատկան տաճարներ»:

Ինչ վերաբերում է Թանդոյանց եկեղեցու դատական նիստին, Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ կողմերը գործով նոր ապացույցներ ներկայացնելու համար միջնորդությամբ դիմել են դատարան դատական նիստը հետաձգելու պահանջով, որը բավարարվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 1-ին:

Բեթղեհեմ Արաբյան-Tert.am