«Ես իմ հարցազրուցի համար ոչ ոքից ներողություն չեմ խնդրել»․ Էդուարդ Այվազյանը հերքում է

«Ես իմ հարցազրուցի համար ոչ ոքից ներողություն չեմ խնդրել»․ Էդուարդ Այվազյանը հերքում է

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նա վրդովմունք է հայտնել իր մասին տարածված ստահոդ լուրերի առնչությամբ։ Հասկանալու համար, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, NEWPRESS․am—ը կապ հաստատեց  Էդուարդ Այվազյանի հետ։

Պարզվում է՝ մարտի 28-ին NEWSPRESS-ում տեղ գտած, Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի հակայկական քարոզչության մասին հրապարակումից հետո՝ հենց հաջորդ օրը, Էդուարդ Այվազյանը զանգահարել է Ակոպովային պարզելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ տնօրենը չի ցանկանում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպել։

«Ես կապվեցի Սուսաննա Ակոպովայի հետ և խնդրեցի պարզաբանել, ասե՞լ է նա նման բան, թե՞ ոչ։ Ակոպովան ասաց, որ ինքը նման բան չի ասել, սակայն հաստատեց, որ միջոցառումը հին ֆորմատով տեղի չի ունենա։ Այսինքն՝ այդ միջոցառման փոխարեն անցկացվելու են դասախոսություններ»,- ասաց Էդուարդ Այվազյանը։

Այս հրապարակումից հետո Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը նաև հարցազրույց է տվել tert.am կայքին, որտեղ խոսել է այն մասին, որ ինքը դեմ է միջոցառումների ձևաչափը փոխելուն։ Այս մասին գրվել է նաև aliq.ge-ում։ Իսկ դրանից մի քանի օր անց էլ, Էդուարդ Այվազյանին լուրեր են հասնում, թե իբր ինքը հրապարակման համար ներողություն է խնդրել Ակոպովայից։ Այվազյանը հստակ չգիտի, թե որ հրապարակմանն են վերագրում իր «ներողությունը», բայց վստահեցնում է, որ ո՛չ առաջին ու ո՛չ էլ երկրոդ հրապարակումների համար, ինքը ոչ մեկից ներողություն չի խնդրել։

«Ես չեմ հասկանում ընդհանարպես, թե ինչո՞ւ ես պետք է ներողություն խնդրեի․ ի՞նչ կար այդ հրապարակումների մեջ, որ մի բան էլ ներողություն խնդրեմ։ Ես հերքում եմ լուրերն այն մասին, որ ներողություն եմ խնդրել․ նման բան չկա, և դրա պատճառն ու իմաստն էլ չեմ տեսնում (ծիծաղում է-հեղ․)։ Ինչ վերաբերվում է Հայոց Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հետ կապված իմ դիրքորոշմանը, ապա դա նույնն է․ասել և կրկնում եմ՝ ես այն համոզմունքին եմ, որ 90-ականներից հիմք դրված միջոցառումների կազմակերպման ձևը մնա նույնը և շարունակվի այնպես, ինչպես մինչ օրս եղել է։ Եթե այդ ֆորմատին ցանկանում են նաև այլ միջոցառումներ ավելացնեն, մենք միայն կողջունեք, բայց խախտել արդեն իսկ ձևավորված միջոցառումների շարքը՝ դրանք կրճատելով, ես ճիշտ չեմ համարում»,-ասում է Այվազյանը։

Նա նկատում է, որ ամեն տարի, Ախալցխայի հուշաքար-խաչքարի մոտ հայկական դպրոցը ներկայանում էր իր խոսքով՝ բանաստեղծություններով, կոչերով, որը Ցեղասպանությանը նվիրված ընդհանուր միջոցառման մաս էր կազմում։ Այվազյանի դիտարկմամբ, այս ձևաչափը պահելը ճիշտ կլինի։

«Այս միջոցառմանը միանում են նաև Ախալցխայի շրջանների բոլոր հայկական դպրոցների աշակերտները։ Այնպես որ ճիշտ կլինի կազմակերպել նորից հին ֆորմատով»։

Կրկին անդրադառնալով իր «ներողության» մասին շրջանառվող լուրերին, Էդուարդ Այվազյանը չբացառեց, որ դա անհրաժեշտ է նրանց, ովքեր ուզում են վարկաբեկել իր գործունեությունը։

«Դեռ կպարզվի, թե ովքեր են շահագրգռված, բայց նորից կրկնում եմ, որ նման բան չկա, ես հերքում եմ»,-եզրափակեց Այվազյանը։