Ճիշտ կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը հայկական դպրոցում անցկացվի հին ֆորմատով

Ճիշտ կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը հայկական դպրոցում անցկացվի հին ֆորմատով

Վրաստանի Ախալցխա քաղաքի հայկական դպրոցում այս տարի Ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառում չի անցկացվի: Նորանշանակ տնօրեն Սուսաննա Ակոպովան որոշ մանկավարժների հետ որոշել է զոհերի հիշատակը հարգող միջոցառումը փոխարինել թեմատիկ դասընթացով: Տեղի հայկական դպրոցում ծավալվող իրադարձությունների, Ցեղասպանության վերաբերյալ միջոցառումների կազմակերպման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Սամցխե Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ:

-Պարո՛ն Այվազյան, ի՞նչ է տեղի ունեցել Ախալցխայի հայկական դպրոցում ու ի՞նչ է հայտարարել Ախալցխայի հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան Ցեղասպանությանը նվիրված միջոցառման վերաբերյալ, ինչո՞ւ կա որոշում չանցկացնել միջոցառում:

-Այսօր մենք Ախալցխայի հայկական դպրոցում, ցավոք, ունենք երկու հակադիր կողմեր։ Ուսուցիչներից ոմանք հրապարակումներով հայտնել են, որ նորանշանակ տնօրենը ժողով է հրավիրել և ասել, որ միջոցառում չեն անելու, որպեսզի երեխաները դուրս գան Ցեղասպանության տխուր մթնոլորտից։ Հաջորդ օրը Akhaltskha.net-ի հետ զրույցում տնօրեն Սուսաննա Ակոպովան ասաց, որ նման բան չի ասել:

 Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության հիշատակին ամեն տարի Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցում անցկացվող միջոցառմանը, ապա այն այս տարի տեղի չի ունենալու և փոխարինվելու է տվյալ թեմայի շուրջ անցկացվող դասընթացներով, որոնք անցկացնելու են դասարաններում հայերենի ու պատմության ուսուցիչները։

Կատարվածի շուրջ իմ տեսակետը հետևյալն է, որ այս մեծ աղմուկից հետո ճիշտ կլինի դպրոցի տնօրինությունը կոլեկտիվի հետ միասին, այնուամենայնիվ, անցկացնի ամեն տարի դպրոցում իրականացվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը հին ֆորմատով և այն անցկացնի ավելի բարձր մակարդակով, քան նախորդ բոլոր տարիներին էր անցկացվում։ Դրա հետ մեկտեղ չեն խանգարի դասընթացները, որոնք նախատեսել է այսօրվա տնօրինությունը։ Դա կլինի ամենալավ ապացույցը և տեղ չի թողնի բոլոր ընդդիմախոսներին, որոնք պնդում են հակառակը։

-Ինչո՞ւ է ուսուցչական անձնակազմը կամ մի քանի ուսուցիչ որոշել միջոցառումը փոխարինել դասընթացով։ Պատճառը ո՞րն է, կամ ինչո՞ւ չանցկացնել երկուսն էլ։

-Ցավոք տվյալ հարցին չեմ կարող պատասխանել, քանզի ինձ համար ևս հարցականներ կան։ Գիտեմ միայն այն, որ դա ներկայացվում է որպես նոր մոտեցում։ Կարող եմ ասել միայն այն, որ Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառումներ Ախալցխայի հայկական դպրոցում անցկացում էին ամեն տարի Վրաստանի անկախացումից ի վեր ցանկացած իշխանության օրոք։ Ասեմ ավելին` ամեն տարի Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ ախալցխացիների հանրահավաքի ժամանակ կազմակերպված ելույթ էին ունենում նաև քաղաքի հայկական դպրոցների աշակերտները և այլն։

-Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթող կա Ախալցիխեի բարձունքում, այս տարի ջահերով երթ լինելո՞ւ է դեպի հուշակոթող, տեղյա՞կ եք։

-Իհարկե լինելու է, ինչպես և ամեն տարի։ Այդ առումով որևէ լուրջ խնդիր երբեք չենք ունեցել։ Ասեմ ավելին, որ ամեն անգամ մենք պաշտոնապես դիմում ենք Ախալցխայի քաղաքապետարանին երթը օրինական անցկացնելու համար։ Երթի օրը ոստիկանական մեքենաները մինչև խաչքար հուշակոթողի բարձունք ուղեկցում են մարդկանց թափորը, որպեսզի անցանկալի միջադեպեր տեղի չունենան՝ հաշվի առնելով այն փաստը, որ թուրքական ներկայությունը շատ է մեծացել մեր շրջանում։

-Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումները դժվա՞ր է անցկացնել, գուցե պետականորեն արգելքներ կան՝ նկատի ունենալով այն, որ Վրաստանը Ցեղասպանությունը չի ճանաչել։

-Երթը անցկացնելու առումով որևէ օրինական արգելքներ չկան և չեն էլ կարող լինել։ Արգելքներ կան նրա հետ կապված, որ երեխաներին ու ուսուցիչներին այդ օրը չեն ազատում դասընթացներից և դա ամեն տարի ստեղծում է հավելյալ լարվածություն։ Սակայն ժողովուրդը գտել է դրա դեմ պայքարելու ամենալավ մեթոդը։ Երեխաները պարզապես այդ օրը հրաժարվում են դպրոց հաճախել։

-Դրանից կարելի՞ է հետևություն անել, որ այն դասընթացը, որը դպրոցի տնօրենը նախատեսել է անցկացնել Ցեղասպանության հետ կապված, կարող է չեղարկվել, տեղի չունենալ, որովհետև ապրիլի 24-ին աշակերտները դպրոց չեն հաճախելու:

-Փաստացի այդպես է դուրս գալիս, քանզի վերջին տարիներին ապրիլի 24-ի օրը շատ քիչ աշակերտներ են հաճախում դպրոց։ Միջոցառումները շատ անգամ գիտեմ, որ անցկացվում էին նախքան ապրիլի 24-ը։

-Տեղյա՞կ եք, այլ հայկական դպրոցներում միջոցառումներ անցկացվելու՞ են, թե ոչ։

-Ամեն դպրոց ինքնուրույն է որոշում տվյալ հարցը։ Ինչքան գիտեմ Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի դպրոցներում շատ պարտաճանաչ են մոտենում տվյալ հարցին եւ գրեթե ամեն դպրոցում անցկացվում են Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ։ Շատ դպրոցների աշակերտներ իրենց դպրոցների անունից ելույթ են ունենում նաեւ Ախալցխայում տեղադրված Հայոց Ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մետ մարդկանց ամենամյա հանրահավաքի ժամանակ։

Բեթղեհեմ Արաբյան