Հայտարարություն․ Արցախի անկախության համար անմահացած հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում

Հայտարարություն․ Արցախի անկախության համար անմահացած հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում

Արդեն երկու տարի լրացավ այն օրվանից, երբ Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի անկախ պետականության նկատմամբ: Ռազմական ագրեսիայի առաջին իսկ ժամերին ադրբեջանական զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին Արցախի Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ վայրագությունը կրկին անգամ փաստեց, որ Արցախը երբեք չպետք է եւ չի կարող հրաժարվել ազատագրված տարածքներից, որոնք շատերը անվտանգության գոտի են անվանում:

Վախով ու ատելությամբ դրդված ադրբեջանցի զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին նաեւ մարտական գործողությունների ժամանակ, անհավասար մարտերում դաժանաբար սպանելով  մի շարք հայ զինվորականների։ Այդ փաստը միայն կարելի է որակել, որպես ադրբեջանական պետության հակահայ քարոզչության ու ատելության սերմանման անմիջական արդյունք:

Երկու տարի առաջ ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցածը մեկ անգամ եւս փաստեց, որ Արցախի ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող ապրել Ադրբեջանի հետ մեկ պետության կազմում: Դա հասկացավ նաեւ ողջ քաղաքակիրթ աշխարհը։

Հայ զինվորի ոգու, հայրենասիրության ու ռազմական գիտելիքների շնորհիվ քառօրյա պատերազմը կրկին պսակվեց հայ ժողովրդի փառահեղ հաղթանակով:

Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հայ զինվորներին, ինչպես նաեւ հաշմանդամ մնացածներին եւ ողջ ու առողջ պատերազմից վերադարձածներին: Նրանք բոլորը անհավասար մարտերում փառքով պահեցին հայրենի Արցախի անկախ ապրելու իրավունքը եւ կրկին անգամ ազատ ու խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք ընձեռնեցին փոքրիկ արցախցիներին՝ մեր անկախ երկրի ապագա սերնդին:

Արցախի անկախության համար անմահացած հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում:

 

 Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն