Ախալցխայի հայկական դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթևոսյանը դպրոցի դեպքերի վերաբերյալ գրառում է կատարել իր facebook-ի էջում

Ախալցխայի հայկական դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթևոսյանը դպրոցի դեպքերի վերաբերյալ գրառում է կատարել իր facebook-ի էջում

Ախալցխայի հայկական դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթևոսյանը դպրոցի դեպքերի վերաբերյալ գրառում է կատարել։ Հիշեցնենք, որ Ախալցխայի հասարակության կողմից մինչեւ օրս շատ սիրված դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթեւոսյանը Սահակաշվիլու ռեժիմի ժամանակ բռնի կերպով հեռացվել էր նրա զբաղեցրած պաշտոնից։  Ներկայացնում ենք մեր ընթերցողին Լյուբա Մաթևոսյանի գրառումը իր facebook-ի էջից։

 

«Սրտի մեծ ցավով եմ լսում, իսկ հիմա նաև կարդում այն արատավոր զարգացումների մասին, որ տեղի են ունենում Ախալցխայի փառավոր, 187 տարի պատմություն կերտած հայկական Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոցում։

Երբ Սուսաննա Արամի Հակոբովային նշանակեցին դպրոցի տնօրեն, մտածում էի՝ շնորհավորե՞մ արդյոք։ Ես որպես սրբազան մասունք եմ պահում իմ գերմաներենի ուսուցչուհի Մանանա Ումիկովայի՝ Թիֆլիսի Ումիկ իշխանական տոհմից սերած, հեռագիրը, որով նա շնորհավորում էր ինձ տնօրեն նշանակելու կապակցությամբ։ Դա ինձ համար ոչ միայն շնորհավորագիր էր, այլ նաև պարտավորեցնող փաստ։ Սպասում էի, թե դպրոցի հետագա զարգացման համար ինչ ուղի կընտրի տիկին Սուսաննան, որը դպրոցում աշխատում է 1979 թվից։

Տիկին Սուսաննա, Դուք հիմա անցել եք ծառայության որպես դպրոցի տնօրեն, այսինքն՝ պետք է ԾԱՌԱՅԵՔ դպրոցի զարգացման գործին, ապահովեք դրական մանկավարժական մթնոլորտ, ուր և՛ ուսուցիչը, և՛ աշակերտն իրեն կզգա պաշտպանված, գնահատված, կունենա սովորեցնելու և սովորելու վերընթաց ձգտում։

Ախալցխայի հայկական դպրոցը պարծանք է եղել ոչ միայն հայ համայնքի, այլ նաև վրաց և՛ տեղական, և՛ կենտրոնական իշխանությունների համար։ Ախալցխա ժամանած ցանկացած օտարերկրյա պատվիրակություն իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են դպրոցում և իշխանավորները պարծանքով են ներկայացրել հայկական դպրոցի առօրյան, հաջողություններն ու նաև խնդիրները։

Դպրոցի բոլոր հաջողությունները հիմնված էին ազգային ինքնության և քաղաքացիական պարտականությունների խորը գիտակցման վրա։ Հիշեք այն երդման տեքստը, որ կարդացվում էր ամեն ուստարեսկզբին «Առաջին զանգի» հանդիսության վերջում։ Դպրոցի հիմնը, որի երաժշտության հեղինակը հայտնի երգահան, խմբավար, մեր դպրոցի սան, երաժիշտների մի բույլ տված ախալցխացի Մանասյաններից սերած Գևորգ Ցոլակի Մանասյանն է, վերջանում է հետևյալով․

«Ապրիր դարեդար, մեր փարոս դպրոց,
Կյանքի ուղեցույց, հայ ոգու դարբնոց,
Հարազատ դպրոց հայկական»։

Հանելով հայատառ վահանակը, արգելելով Հայոց Եղեռնի հիշատակությունն անգամ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում։ Կարծում եմ ՝ ո՛չ հայերի և ո՛չ վրացիների։ Պետք չէ այսպիսի «վրացասիրությամբ» սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների միջև։

Հայերենի բազմավաստակ ուսուցչուհի Աստղիկ Պետրոսյանի մասին․
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներն առանձնահատուկ առաքելություն ունեն հատկապես Հայրենիքից դուրս գտնվող հայկական դպրոցներում, ինչպես վրաց լեզվինը՝ վրացական դպրոցում, ռուսաց լեզվինը՝ ռուսական դպրոցում ևն։ Այդ առաքելությունն իրենց ուսերին պատվով են տարել Մամիկոն Ալբերտյանը, Ելիզավետա Մութաֆյանը, Արուսյակ Թորգոմյանը, Սամսոն Պողոսյանը, Հասմիկ Մոմջյանը, այժմ՝ Աստղիկ Պետրոսյանը, Անահիտ Ֆարմանյանը և ուրիշներ։ Իրեն դաստիարակված համարող անձը, առավել ևս մանկավարժը ցանկացած վիճաբանության ժամանակ իրավունք չունի վիրավորել ընդդիմախոսի անձնականը։ Տիկին Աստղիկն իր գիտելիքներով և մանկավարժական հմտությամբ հայտնի է ոչ միայն իր աշակերտներին և նրանց ծնողներին, այլ նաև շրջանի մանկավարժներին իր շրջանային բաց դասով, դպրոցում գործընկերների հետ կազմակերպած տարբեր միջոցառումներով, ելույթներով։ Նրա առողջական վիճակը մատնացույց անելն առնվազն աններելի հանցանք է։

Վրացերենի իմացությունը մեր շրջանավարտների համար մատչելի է դարձրել աշխատանքը տեղում։ Այսօր Սամցխե- Ջավախքի տարբեր ծառայություններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում քիչ չեն մեր շրջանավարտները, որոնք մտերիմ ընկարական հարաբերություններ ունեն վրացիների հետ։ Ապրում են իրենց տանը և աշխատում համատեղ կառուցել ժողովրդավար Վրաստան»։