Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Իսպանիայի Արարատ Հայկական միության առաջիկա միջոցառումները նախանշված են հայկական իրականության երկու կարևորագույն իրադարձություններով՝ Հայաստանի հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակներով։

Եվ ահա առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն տրված է. Վալենսիայի շրջանի Մանիսես քաղաքում մարտի 20-ին բացվեց քանդակագործ-նկարիչ, Արարատ Հայկական միության փոխնախագահ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսը՝ “Հայաստանի գույները” խորագրի ներքո։ Հանրությանն ի ցույց են դրվել արվեստագետի Հայաստանին և հայկականությանը նվիրված գործերը, որոնք մինչև մայիսի 31-ը կզարդարեն Մանիսեսի Արվեստի կենտրոնի պատերը։

Սա Ջիվան Միրզոյանի հերթական ցուցահանդեսն է, որի բացմանը ներկա էին Մանիսեսի քաղաքապետարանի խորհրդականներ՝ Մշակույթի խորհրդական Խավիեր Մորանտի (Xavier Morant) և Ձախ Միության խոսնակ Մանուել Գուտիեռեսի ( Manuel Gutiérrez) գլխավորությամբ, ինչպես նաև Ալակուասի քաղաքապետարանի Կանանց հարցերով խորհրդական Լոլա Ռոդրիգեսը (Lola Rodríguez), Վալենսիայի Կոնտիգո նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հայեր, իսպանացիներ։

Բացման խոսքով հանդես եկավ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և հատկապես Մանիսեսի քաղաքապետարանին՝ աջակցության համար, այնուհետև հակիրճ ներկայացրեց Հայաստանի պատմության խնդրահարույց ժամանակաշրջանն ու գեղանկարչի գործունեությունը։ Շնորհակալական և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Ձախ Միության խոսնակ Մանուել Գուտիեռեսը, ով բարձր գնահատեց հայկական միության գործունեությունը ինտեգրման, բազմամշակութային հասարակություն ստեղծելու և համակեցության ոլորտում։