Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ

ԱԺ–ն ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ:

Նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունը ԱԺ-ն ողջունեց ծափերով:

ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանն առաջադրվել էր «Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների կողմից։

Ընտրությունից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ-ի բոլոր պատգամավորներին, թե՛ կողմ, թե՛ դեմ քվեարկելու համար:

«Շնորհակալ եմ բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցող կարևորագույն փոփոխությունների գործընթացում՝ Սահմանադրության անցնելու գործում ձեր կարևոր ներդրման համար»,-ասաց նա:

  Արմեն Սարգսյանը նշեց, որ իր երկար տարիների փորձառությունը, գիտելիքը, ողջ եռանդը կներդնի ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ-ին, ՀՀ քաղաքացիներին և ողջ ժողովրդին:

«Ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը՝ մեր ապագա բոլոր հաղթանակների կերտման համար՝ ողջ ժողովրդին՝ Արցախ, Հայաստան-Սփյուռք»,-ասաց նա:

Tert.am