Պետք է ամեն գնով ամրացնենք մեր պետականությունը

Պետք է ամեն գնով ամրացնենք մեր պետականությունը

Ամուր պետականությունը հիմքն է ցանկացած ազգի գոյատեւման ու դա կարծես շատերի համար գաղտնիք չէ։ Չնայած դրան, մեր ժողովրդի մեջ քչերն են խորանում դրա իմաստի մեջ եւ ավելի քչերը քայլեր կատարում պետականությունը ամրապնդելու ուղղությամբ։ Բացարձակ մեծամասնությանը կարծես հետաքրքիր չէ, թե որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում։ Նրանք չեն մտածում, որ անգամ հսկա ու հին ազգերը, որոնք նախկինում աշխարհն էին ղեկավարում, նախ կորցրել են իրենց պետականությունը ու հետո ձուլվել ու կորել վայրենի ազգերի մեջ եւ այդպիսով վերացել պատմության թատերաբեմից։ Եթե նույնիսկ աշխարհի որոշ ազգեր մնացել ու գոյատեւել են առանց պետականության, ապա այսօր դրանք վերածվել են քոչվոր ու անօգնական ցեղախմբերի։

Նմանները հավանաբար հնում մտածում էին, որ իրենց հետ դա երբեք չի պատահի, քանզի ունեն հզոր բանակ ու հրաշալի մարտիկներ, ինչպես նաեւ շատ զարգացած ու առաջադեմ քաղաքակրթություն։ Աստծո ընտրյալներ են եւ ունեն հզոր մշակույթ ու պատմություն։ Սակայն նրանք եւս սխալվեցին եւ իրենց ամենամեծ ողբերգական բացթողումը եղավ այն, որ երկիրը սկսեց քանդվել ներսից, որտեղից որ ոչ ոգ չէր սպասում։ Աշխարհի բոլոր երկրները քանդվել են ներքին ագահության, աճող անբարոյականության ու հասարակության լճացման պատճառով։

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը 6 դար չուներ հայկական պետականություն։ Առանց հայկական պետականության մեր ժողովուրդը կամաց-կամաց սկսեց թուլանալ, իսկ նրա փոխարեն մեր իսկ պատմական հայրենիքում օրից-օր ամրանում էին բարբարոս ցեղերը։ Եվ ամենագլխավորը, ամրանում ու բազմանում էին մեր իսկ հաշվին։

Այսօր շատ կարելի է խոսել, վերլուծել ու քննարկել թե, որ քաղաքական պայմանները նպաստեցին Օսմանյան Թուրքիային իրականացնելու Հայոց ցեղասպանությունը, սակայն մի բան ակնհայտ է, որ դա արդյունք էր մեր 6 դարերի պետականության անկման։

Սակայն չնայած սարսափելի ցեղասպանության ու գաղթած հարյուր հազարավոր սոված ու համաճարակով հիվանդ ժողովրդի, մենք մեր հայրենիքի արեւելյան բեկորներից մեկում 1918թ․մայիսին, ապրելու մեծ կամքի շնորհիվ կարողացանք վերականգնել մեր դարերով կորցրած պետականությունը եւ ահավոր վատ պայմաններում կանգնեցնել թշնամու առաջխաղացումը դեպի Երեւան։ 70 տարի անց նույն մարտական ոգով ու անսահման կամքով մենք անհավասար պատերազմում հաղթեցինք Արցախյան ազատամարտը։

Առաջին հայացքից սկսում է թվալ, թե այն ինչ ձեռք է բերվել անցած հարյուր տարիների ընթացքում բավարար է պետականությունը պահպանելու համար։ Սակայն, եթե խորանում ես այսօրվա հայաստանյան իրականության մեջ եւ ընդամենը մի քանի փաստեր ես համադրում իրար, միանգամից պարզ է դառնում, որ հայ ժողովրդի ապագան այսօր ոչ պակաս վտանգված է, քան անցած վեց դարերի ընթացքում, երբ մենք ազգովի կորցրել էինք մեր պետականությունը։

Այդ ամենը հասկանալու համար բավարար է ընդամենը դիտել երկրի հայաթափման դինամիկան, համադրել այն նախորդ տարիների հետ։ Հետեւել մեզ հանդեպ թշնամաբար տրամադրված երկու հարեւան երկրների դեմոգրաֆիկ աճին։ Եւ հասկանալ, ինչքան ենք մենք ու ինչքան նրանք։

Դեռ ամեն ինչ ոչինչ, եթե Հայաստանում այսօր ունենայինք ազգային միասնականություն։ Հարգեինք մեր Արցախյան հերոսամարտի հերոսներին, երկրում չունենայինք քաղբանտարկյալներ։ Մեր դարերի երազած Հայաստան պետությունը չծառայեցվեր անկուշտ ու ապազգային օլիգարխների ու որոշ պաշտոնյաների հարստացմանը։

Անշուշտ միշտ էլ պատերազմական իրավիճակներում կարողացել ենք համախմբվել ազգովի, կողքի դնելով քաղաքական տարաձայնությունները, սակայն եթե վերոնշյալ խնդիրները չլինեին, ապա մենք այսօր կունենայինք մի այլ տեսակի Հայաստան, որի մեջ ազատամարտիկ հերոսը կարիք չեր ունենա զբաղվել քաղաքականությամբ ու չեր դիմի ծայրահեղ մեթոդների։

Մեր պետականությունը այսօր առանց որեւէ  արտաքին միջամտության իսկ արդեն վտանգված է։ Հասարակությունը քաղաքականապես պառալիզացված է։ Մենք սովոր ենք միայն դժգոհել, սակայն մեր էությամբ քչով ենք տարբերվում երկիրը թալանող օլիգարխից։

Ազգովի պետք է փոխվենք, հակառակ պարագայում ինչքան էլ ցավալի հնչի, մեր տեղը արեւի տակ մի օր զբաղեցնելու են մեր հակառակորդները։

Չպետք է վախենանք ու չենք էլ վախենում Ալիեւի նմանների հայտարարությունից, որ իբր Երեւանն է գրավելու։ Մենք վախենալու ենք ներքին Ալիեւներից, ովքեր ամենօրյա ռեժիմով քանդում են մեր պետականությունը։ Խոսքը միայն պաշտոնյաների, քաղաքական գործիչների ու օլիգարխների մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր միայն բամբասում ու դժգոհում են այսօրվա իրականությունից եւ նույն րոպեին մտովի երազում են մտնել իշխանության կտուրի տակ ու նոր թալան իրականացնել մեր պետության հաշվին։ Նման մտածելակերպ ունեցող անհատներից ձեւավորվող հասարակությունը անշուշտ դատապարտված է մահվան։ Եթե նույնիսկ ոչինչ չպատահի այդ հասարակության հետ, ապա Աստված կպատժի նման մտածելակերպ ունեցող ժողովրդին։

Այս ամենը գիտակցելով պետք է սկսել վերափոխվել, նվազեցնել լարվածությունը ու ազատ արձակել հերոսներին ու քաղբանտարկյալներին, որոնց հետ համակարծիք է մեր ժողովրդի մի զգալի հատվածը։ Դա համերաշխություն կմտցնի Հայաստանի հասարակության միջեւ։ Երկրորդ քայլը պետք է լինի այն, որ տվյալ մարդկանց տեղը բանտերում զբաղեցնեն կաշառակեր ու թալանչի անհատները, ովքեր ամենօրյա ռեժիմով տասնամյակներ սղոցել են մեր պետականությունը։

Դա է միակ ճանապարհը ու սկիզբը հասարակության հավատի վերականգնման ու ազգային համերաշխության ձեւավորման։ Եթե մարդկանց հավատը վերականգնվի իրենց պետության նկատմամբ, անշուշտ դրան կհետեւի տնտեսության վերականգնումը ու արտագաղթի կասեցումը։

Մենք մշտապես սիրում ենք հպարտանալ, որ հայ ազգը 5000 տարվա պատմություն ունի։ Ունի փառահեղ անցյալ ու հարուստ մշակույթ։ Սիրում ենք կրկնել, թե ինչ է մեր ժողովուրդը տվել աշխարհին։ Հպարտանում ենք մեր ազգային բոլոր լավ դիմագծերով։ Սակայն նույն ժամանակ չենք սիրում ինքներս մեզ քննադատել, չենք ուզում հասկանալ, թե ինչն էր այդքան անգամ մեզ բերում պետականության կորստի եզրին։ Հնարավոր է այս մտավախությունները մի փոքր չափազանցված են, սակայն օր առաջ պետք է մտածել վտանգների մասին եւ դրանց դեմ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

Պետք է կարողանանք պահպանել այն, ինչ ունենք եւ ամեն ջանք գործադրենք մեր պետականության ամրապնդման համար։ Եւ ոչ թե հայրենասեր ձեւանալով հանուն մեր անձնական հաջողությունների ու որովայնի ծափահարենք ցանկացած անարդարության, ինչը ցավոք հաճախ ենք տեսնում այսօրվա Հայաստանում։

Քննադատ, համարձակ ու անզիջող պետք է լինենք ինքներս մեր նկատմամբ եւ հանուն հայրենիքի պետք է կարողանանք կանգնեցնել նույնիսկ մեր ամենամոտիկ բարեկամին, եթե նա թալանի է ենթարկում մեր երկիրը։ Այդ ժամանակ միայն ժողովուրդը կհավատա մեզ եւ թալանին վերջապես վերջ կդրվի։

Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք նոր Ավարայր ու Սարդարապատ մղել ինքներս մեր նկատմամբ, փոքր աննշան անարդարությունից մինչեւ մեծ ու ահռելի չափերի անարդարության նկատմամբ, ու կրկին այդ պատերազմում հաղթանակ բերել մեր կողմից փառաբանվող հայ ժողովրդին, հակառակ պարագայում մեծ աղետներ են սպասելու մեզ, որի աշխարհ բերողները կրկին մենք ենք լինելու, ինչի համար ապագա սերունդները կնախատեն մեզ։

 

Էդուարդ Այվազյան