ՀՀ-ի՝ Լարսին այլընտրանք ունենալու միակ խոչընդոտն այս պահին ՌԴ-ն է. փորձագետ

ՀՀ-ի՝ Լարսին այլընտրանք ունենալու միակ խոչընդոտն այս պահին ՌԴ-ն է. փորձագետ

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության հայտարարությունը՝ կապված Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն հետ, ռուսական դիրքորոշման արդյունքն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սամցխե Ջավախք»-ի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով նրան, որ հարավօսական կողմը հայտարարել է, թե այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող հաջողություն ունենալ: Նա հիշեցրեց, որ դեռևս այն ժամանակ, երբ Վրաստանը պայմանագիր  կնքեց Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ, ինքը կասկած է ունեցել այն կյանքի կոչման հետ կապված:

«Հարավային Օսիան նման հայտարարություն չէր անի, եթե չլիներ ռուսական հստակ դիրքորոշումը: Վրաստանը շվեյցարական ընկերության հետ այս պայմանագիրը կնքել է միակողմանի, իսկ ինքնահռչակ Հարավային Օսիայի հանրապետությունը ռուսական կողմի թույլտվությանն էր սպասում, որ ստորագրի կամ չստորագրի: Ես միշտ եմ կասկած հայտնել այս ծրագրի իրագործման հետ կապված, քանի որ իրենք վրացական կողմի դեմ այնպիսի պայմաններ էին դնում, որոնք անընդունելի  էին Վրաստանի համար»,- ասաց նա:

Այվազյանին  խոսքով՝ ՌԴ  ցանկանում էր կնքել այնպիսի պայմանագիր, որ, ի վերջո,  Վրաստանը հրաժարվի իր դիրքորոշումներից մի շարք այլ հարցերի`այդ թվում նաև տարածքայի ամբողջականության հետ կապված: Ըստ նրա՝ հենց սա էր պատճառը, որ Վրաստանը պայմանագիրը միակողմանի կնքեց: Փորձագետի գնահատմամբ՝  Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորությունն այս պահին անիրատեսական է:

«Գնդակը հիմա ռուսական կողմում է, այս ճանապարհի շահագործումը հիմա կախված է ռուսական կողմից: Բայց այս պահի դրությամբ մենք ականատես ենք լինում ռուսական կողմի ոչ կառուցողական դիրքորոշմանը: Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություն ասելով՝ մենք հասկանում ենք միանգամից ՌԴ, Վրաստանում հարավօսական տարածքները համարվում է ՌԴ-ի կողմից բռնագրավված: Հարավային Օսիան միայնակ որոշում չի կարող ընդունել, ճանապարհի բացումը կախված է ՌԴ-ից»,- ընդգծեց Էդուարդ Այվազյանը:

Վերջինիս պատահական չի համարում այն  հանգամանքը, որ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունն այս պահին ասեց իր դիրքորոշումը, այն էլ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հունվարին վրացական ու ռուսական կողմերը հայտարարում էին, որ այդ պայմանագրի իրականացման հարցում կա առաջընթաց:

«Ռուսաստանն ի սկզբանե առաջ էր քաշում տարբեր տեսակի անհասկանալի  հարցեր, բնական է, որ վրացական կողմը  չէր համաձայնում: Կարելի է ասել՝ ռուսական կողմն այդ քայլերով գնում էր նրան, որ Վրաստանը զիջումների գնա տարածքային ամբողջականության հետ կապված»,- շարունակեց նա:

Էդուարդ Այվազյանին զարմացում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, միևնույն է, հաշվի չնստեց հայկական կողմի շահերի հետ, քանի որ, ըստ նրա, այս ճանապարհը պետք է ՀՀ-ի համար Լարսին այլընտրանք լիներ: Նա նկատեց, որ հայկական ու վրացական կողմերի միջև բանակցություններն ու պայմանավորվածությունները՝ Լարսին այլընտրանք ունենալու հետ կապված, շատ լավ են անցել: Նա պնդեց, որ ՀՀ-ի՝ Լարսին այլընտրանք ունենալու հետ կապված միակ խոչընդոտն այս պահին ՌԴ-ն է:

«Իմ կարծիքով՝ հիմա ամեն բան կապված է ՌԴ դիրքորոշումից և նրանից, թե Հայաստանի իշխանություններն ինչ կարգի կարող են բանակցել ՌԴ-ի հետ՝ փորձելով համոզել, որ իր շահերի հետ հաշվի նստի: Բայց անձամբ իմ սպասումները շատ մեծ չեն, չեմ կարծում, որ ՌԴ-ն մոտ ժամանակներս փոխի իր մոտեցումները»,- եզրափակեց Էդուարդ Այվազյանը։

Անի Օհանյան