Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ համնկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ

Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ համնկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ

Կիևում, որտեղ ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը, ընդունվել է վեհաժողովի աշխատաքների 25-ամյակին նվիրված հռչակագիր: Խորհրդարանական 12 ազգային պատվիրակություններից 9-ը քվեարկել են հռչակագրի ընդունման օգտին: Հայկական պատվիրակությունը բոյկոտել է քվեարկությունը՝ նշելով, որ դրա մեջ առկա են հակահայկական ձևակերպումներ:

ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ հռչակագրում ներառված է տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման միայն մեկ իրավունք՝ տարածքային ամբողջականությունը, այնինչ միջազգային իրավունքի հիմնարար 3 սկզբունքները՝ ուժի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը չեն կարող առանձնացվել:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հակամարտությունների կարգավորման և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համնկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ, այն է. ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի իրացում: Հայկական կողմը պնդում է, որ այս սկզբունքները չեն կարող իրացվել իրարից անջատ:

«Տարածքային ամբողջականության սկզբունքը Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 դրույթներից միայն մեկն է: Անթույլատրելի է հղում կատարել 10 դրույթներից միայն մեկին, որովհետև խեղաթյուրվում է Հելսինկայն եզրափակիչ ակտի մոտեցումը», -ասել է Գևորգ Գորգիսյանը:

Հայաստանի պատվիրակությունը նշել է, որ հռչակագրի այս դրույթը մշակվել է մինչև լիագումար նիստի մեկնարկը, առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության, և այն օրակարգում է հայտնվել վերջին պահին:

Գորգիսյանը տեղեկացրել է, որ քվեարկությունը բոյկոտել է նաև Սերբիայի ազգային պատվիրակությունը, որը ևս չի մասնակցել հռչակագրի այս դրույթի մշակման աշխատանքներին: Իսկ 12-րդ անդամը՝ Ռուսաստանը, որը հնարավոր է աջակցեր Հայաստանին այս հարցում, չի մասնակցում նիստերին Ուկրաինայի հետ լարված հարաբերությունների պատճառով: «Այն պետությունները, որոնք տարածքային խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, պնդում էին, որ այս ձևակերպումը հռչակագրում ներառվի: Նրանք գաղտնի կերպով հավաքվել ու քննարկել են, այս ձևակերպումը մտցրել հռչակագրում, ապա ներկայացրել քվեարկության», -ասել է պատգամավորը:

Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասել է, որ վեհաժողովի կողմից ընդունված այս հռչակագիրը իրավական հետևանքներ չի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, որովետև այն ընդունվել է խորհրդարանների համագործակցության հարթակում: «Սա, պարզապես անցանկալի դրսևորում է: Ամեն դեպքում, մենք աշխատում ենք, բավական լուրջ քննարկումներ ենք ծավալվում, մենք մեր դժգոհություններ ենք հայտնել, որ նենգաբար կողմնակալ քաղաքականություն է իրականացվել ՀՀ նկատմամբ», -ասել է Էնֆիաջյանը:

1992 թ. հունիսի 25-ին Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների՝ Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները Ստամբուլում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ ստորագրեցին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ համատեղ հռչակագիր։ 2004 թ-ից կազմակերպության անդամ է դարձել նաև Սերբիան։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Թուրքիայում։ Դրա հիմնական նպատակն է ապահովել Սևծովյան տարածաշրջանում կայունություն, տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։