Տեղացիները պահանջում են, որ քաղաքից հեռու գտնվեն թուրքական սրճարանները, որոնք հասարակաց տներ են. Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն

Տեղացիները պահանջում են, որ քաղաքից հեռու գտնվեն թուրքական սրճարանները, որոնք հասարակաց տներ են. Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն

 Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ախալցխայում ու կից համայնքներում թուրքական սրճարանները և ռեստորանները փակելու տեղացիների պահանջին, քանի որ դրանք իրականում հասարակաց տներ են, և այնտեղ տեղացիների մուտքը արգելված է:

Նա հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է, որ ռեստորաններից մեկում իրոք զբաղվում էին մարմնավաճառությամբ, որից հետո իրավապահները ձերբակալել են մի քանիսին, այդ թվում անձի, ով սենյակ էր տրամադրել մարմնավաճառության համար: Նա նաև նշեց, որ այս պահին բնակիչների կողմից բողոքի ակցիաները դադարել են:

Հարցին, թե կարող է սա հիմք հանդիսանա, որ նմանատիպ սրճարանները ուսումնասիրվեն, ինչ-որ սահմանափակումներ լինեն, Էդուարդ Այվազյանն ասաց.«Հիմնականում մարդկանց պահանջը այն է, որ դրանք առնվազն ավելի մեծ հեռավորության վրա գտնվեն քաղաքից, որովհետև անդուր երևույթ է, երբ քաղաքում քայլում են բազմաթիվ մարմնավաճառներ, և նրանց հետևից թուրքեր են գալիս-գնում»,-ասաց նա:

Վերլուծաբանը նշեց, որ բողոքի ցույցը, որը հետևեց մի քանի անձանց ձերբակալությանը, հույս է ներշնչում, որ ինչ-որ գործընթաց կսկսվի, որը հետագայում կբերի այդ հաստատությունների` քաղաքից ու շրջանից հեռացնելուն: «Չեմ կարծում, որ իշխանությունները տեղյակ չէին, ամեն դեպքում այս ամենը բացեիբաց ջրի երես դուրս եկավ և ես կարծում եմ, որ իշխանությունները այս դեպքից հետո ինչ-որ քայլեր կձեռնարկեն»,-ասաց նա:

Էդուարդ Այվազյանն ասաց, որ այդ ամենը, ցավոք, վերածվել է բիզնեսի, իսկ Վրաստանի օրենսդրությունը շատ հարմար է բիզնեսի համար, որի ծածկի տակ ռեստորաններում ծավալվում են նման հասարակաց տների գործունեությունները, որոնք իրականում անօրինական են: Ամեն դեպքում նա հավաստիացրեց, որ այս առումով հայերի հետ բախումներ չեն կարող լինել, քանի որ թուրքերը հիմնականում տուրիստի կարգավիճակով են գալիս Ախալցխա:

 

Լիանա Առաքելյան