Այն, ինչը որպես պանթուրքիստական նախագիծ չհաջողվեց անել Ցեղասպանության ժամանակ, թուրքերը հիմա Ջավախքում անում են առանց պատերազմի. Է. Այվազյան

Այն, ինչը որպես պանթուրքիստական նախագիծ չհաջողվեց անել Ցեղասպանության ժամանակ, թուրքերը հիմա Ջավախքում անում են առանց պատերազմի. Է. Այվազյան

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Ջավախքում թուրքերի և ադրբեջանցիների ներկայության շնորհիվ ժողովրդագրական պատկերի փոփոխություններին: Ըստ վերլուծաբանի՝ թուրքերը ոչ միայն Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին կից սրճարաններ, ռեստորաններ, ենթակառուցվածքներ ու հարակից տարածքներում մզկիթներ են կառուցում, այլև հասարակաց տներ, որոնք ապահովում են թուրք-ադրբեջանական կայուն ու օրըստօրե ավելացող ներհոսք:

– Պարոն Այվազյան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, ըստ փորձագետների ոչ միայն Բեռլինյան պատ է դարձել Ջավախքի ու Հայաստանի միջև, այլև  նկատելիորեն աշխուժացրել է հայաբնակ Ջավախքում թուրք-ադրբեջանական ներկայությունը, ինչը սպառնում է մոտակա տարիներին նաև ժողովրդագրական պատկեր փոխել: Համաձա՞յն եք գնահատականների հետ:

– Բեռլինյան պատի առումով՝ ոչ, բայց, այո, թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք գնալով ավելանում են, ձգտում են նրան, որ Ջավախքը թուրքացվի: Սա է հիմնական վտանգը, քանի որ Հայաստանի հյուսիսային սահմանով Հայաստանի ելքը դեպի արտաքին աշխարհ սա է, գիտեք՝ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից Ադրբեջանը, և Պարսկաստանի սահմանին մենք ևս ունենք 10-15 միլիոնանոց թուրքական բնակչություն, փաստացի, իրենք ուզում են շրջափակման մեջ վերցնել Հայաստանի Հանրապետությունը: Սա իրենց քաղաքականությունն է, և այն, ինչն իրենց չհաջողվեց որպես պանթուրքիստական ծրագիր իրականացնել Ցեղասպանության ժամանակ, հիմա  առանց պատերազմի տնտեսական նախագծերով ուզում են իրենց ներկայությունն ավելացնել Ջավախքում ու էդպես միանալով մի հատ փոքրիկ միջանցք ստեղծել: Տնտեսական, հիմնականում տնտեսական էքսպանսիա է սա:

-Նաև նշվում է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղուն կից ենթակառուցվածքներ են ստեղծում, ռեստորանների, սրճարաններ կառուցում ներդրումներ:

-Ինչո՞ւ միայն սրճարաններ, նաև հասարակաց տներ, իրենց մոտ արգելված է, և, ցավով եմ նշում, իրենք իրենց վայելքների համար գալիս են մեր շրջան ու իրենց այդ ողջ բիզնես ինդուստրիան լցրել են մեր մոտ: Ոչ միայն մեր շրջան. Բաթումն էլ վերածվել է մի մեծ միջանցքի, որն իրենց համար ապահովում է կայուն ու օրեցօր ավելացող ներհոսք:

-Իսկ մարդկանց ուժով ազգերի ժողովրդագրական պատկերը Ձեր հայացքով՝ ինչպե՞ս է փոխվել, առաջ ի՞նչ հարաբերակցություն էր թուրքերի, ադրբեջանցիների հայերի ու վրացիների, հիմա՝ ինչ:

– Օրինակ՝ Ախալցխայի շրջանում, գիտեք, թուրք մցխեթցիներ կան, մահմեդականներ, որոնց Ստալինի ժամանակ աքսորել էին: Հետո նրանց մի մասը վերադարձավ և հիմա իրենց ներկայությունը Ախալցխայում կազմում է շուրջ հարյուր մարդ: Այնպես որ, ասել, թե շատ մեծ է թվաքանակը, ոչ, բայց թաղամասերում, որտեղ իրենք են բնակեցված, անընդհատ Ադրբեջանից ու Թուրքիայից օգնություն է գալիս: Օրինակ՝ երկու տարի առաջ Թուրքիան իրենց նվիրեց մեղվի փեթակներ, և դրանց բոլորի վրա կարելի էր տեսնել թուրքական փոքրիկ դրոշակներ: Դա երևացող մասն է, բայց իրականում իրենց շատ են օգնում անասնապահությունը, հողագործությունը զարգացնելու անվան տակ: Իրենց մամուլն էլ կարդալով կարելի է տեսնել, թե ինչպես անընդհատ խրախուսում են վերադառնալ Ախալցխա՝ խոստանալով ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական աջակցություն: Այսինքն՝ իրենց նպատակն է, որ Սամցխե Ջավախքում անպայման իրենց ներկայությունն ավելանա:

– Ո՞րն է իրենց նպատակը՝ Հայաստանն օղակման մեջ պահելը, թե նաև վրացական հողերը զավթելը:

– Իրականում ժամանակները, երբ պատերազմով ինչ-որ բան էին զավթում, անցել են, հիմա իրականում ամեն ինչ որոշում է տնտեսության հզորությունը. եթե իրենք ներդրումներ են անում, տներ կառուցում, մզկիթներ ուրեմն հեռահար նպատակներ ունեն: Այստեղ հիմա բազմաթիվ մզկիթներ են կառուցվել, վերականգնվել և իրենց հոգևոր ներկայությունը դրանով Ջավախքում ամրապնդվել է: Խոսքը տեղացի մահմեդականների մասին է, որոնք շատ սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ: Մյուս կողմում, գիտեք, Բաթումին է: Այսինքն դա Ադիգենի շրջանն է, որը Ջավախքի շրջանի մեջ է, Ջավախքի ու Աջարիայի մեջտեղում, մի փոքրիկ հատված է, որտեղ արդեն իսկ մահմեդական բնակչություն է։ Մնացել է Ախալցխան,  Ախալքալաքը  և Նինոծմինդան և, երևի թե, այստեղ էլ նրանց նպատակը նույնն է: Շատ մեծ է հավանականությունը, որ այս երկաթգծի կառուցումով շատ շուտով մեր շրջանում նոր ադրբեջանցիներ ու թուրքեր կավելանան:

-Իսկ իրենց հայաբնակ բնակչության նկատմամբ ագրեսի՞վ են պահում: Գիտեմ, որ անասուններ են գողանում, նման դեպքերը շատացե՞լ են, հնարավոր է, որ հատկապես երկաթգծի կառուցումից հետո ավելանան։ 

– Այդ անասունները, որ գողանում են, հիմնականում, Ախալքալաքի շրջանում են նման դեպքեր գրանցվում: Բայց դա չէի ասի, որ ավելի շատ կապված է թուրքական ներկայության հետ: Ավելի շուտ, կարծում եմ, որ սահմանները նորմալ չեն վերահսկվում և, դա առաջին դեպքը չէ. մի քանի տարի առաջ ևս ականատես եղանք, թե ինչպես Ջավախքից բազմաթիվ անասուններ են գողացել, անցկացրել սահմանով Թուրքիա:

– Իսկ վրացիներն իրենց երկրում դեմոգրաֆիական պատկերի այս փոփոխությանն ինչպես են արձագանքում: Վտանգներ տեսնո՞ւմ են:

– Վրաց հասարակության մեջ տվյալ գիտակցությունը նոր-նոր է արթնանում, բայց հիմնականում այն այդ կարգի չի հասունացել, նրանք շատ խորը չեն գիտակցում, բայց, այո, կան դժգոհություններ, որ անընդհատ թուրքական հոսք կա ու այն ավելանում է:

-Նշեցիք՝ Թուրքիան ու Ադրբեջանը ինչ ծրագրեր են իրականացնում, իսկ Հայաստանի իշխանություններից այս առումով ի՞նչ եք ակնկալում: Նախ, ասեք՝ ինչ է արվում:

-Մենք մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանություններին կոչ ենք արել՝ վարել նույն քաղաքականությունը, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն են ուզում իրականացնել: Մեզ պետք է տնտեսապես ամրապնդել այս շրջանը, քանի որ միայն այդպես է դա հնարավոր անել՝ ամրապնդել տնտեսապես: Այսինքն՝ մարդիկ իրենց ապահով զգան, ավելի լավ պայմաններ ունենան, որ մարդիկ չարտագաղթեն: Իսկ հայերի արտագաղթը շատ ահավոր է լինելու՝ թե՛ Հայաստանի, և թե՛ Վրաստանի համար, քանի որ սխալ է կարծել, որ հայերի տեղը վրացիներն են զբաղեցնելու: Ցավոք, վրացիները չունեն այդ մարդկային ռեսուրսը, որ հայը գնա ու քրիստոնյա վրացին գա իր տեղը բնակվի Ջավախքում: Այս տեղը լրացնելու են մահմեդական թուրքերը: Ուստի սա թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ազգային անվտանգության հարց է: Դրա համար, Հայաստանը պետք է կարողանա տնտեսական հզոր ծրագրեր իրականացնել Ջավախքում։

– Օրինաչա՞փ եք համարում, որ Հայաստանը դուրս մնաց Բաքու–Թբիլիսի–Կարս նախագծից:

-Գիտեք՝ Ադրբեջանն ամեն կերպ ձգտում էր դրան, դա հասկանալի է, բայց մյուս կողմից, իրենք ավելի խոցելի են դառնում: Այսինքն՝ նման դեպքում, եթե Աստված մի արասցե, պատերազմական իրավիճակ լինի Ադրբեջանի ու Հայաստանի միջև, շատ հեշտ Հայաստանը կարող է խոցել թե՛ Բաքու-Թբիլիսի–Ջեյհանը, թե՛ այս երկաթգիծը Ադրբեջանի տարածքում. կրկնում եմ՝ Ադրբեջանի, որովհետև Վրաստանը բարեկամ ու դաշնակից պետություն է:

Անուշ Դաշտենց