Էդուարդ Էնֆիաջյան․Ես կանվանեի Ախալցխան հայ-վրացական բարեկամության օրինակելի քաղաք

Էդուարդ Էնֆիաջյան․Ես կանվանեի Ախալցխան հայ-վրացական բարեկամության օրինակելի քաղաք

Akhaltskha.Net -ի հարցազրույցը Արցախյան ազատամարտիկ, հայկական բանակի նախկին սպա, ԱՄՆ-ի «Գեոպոլիտիկ» ակումբի համանախագահ, ԱՄՆ-ի «Հայդուկ» միության անդամ՝ Էդուարդ Էնֆիաջյանի հետ։ 

 Պրն․ Էնֆիաջան սկսենք նրանից, որ դուք ծնունդով Ախալցխացի եք։ Գիտենք, որ ձեր մանկությունը անցկացրել եք Ախալցխայում եւ այսօր էլ ձեր կապերը չեք խզել Ախալցխայի ու ախալցխացիների հետ։ Այդ իսկ պատճառով ուզում ենք ձեզանից լսել թե ի՞նչ տեղ է զբաղեցնում Ախալցխան ձեր կյանքում։

Նախ եւ առաջ Ախալցխան դա հոգեբանություն է, կամ ավելի ճիշտ հատուկ հոգեւիճակ ու մի վայր, որտեղ մենք սովորել ենք ապրել ու արարել միասին։ Ընկերություն անել եւ բարեկամություն տարբեր ազգերի հետ։ Ախալցխան դա հայ հանճարների ու հարուստ պատմության քաղաք է։ Այնտեղ կան հետաքրքրի ավանդություններ, յուրահատուկ կատակներ եւ հետաքրքիր ժողովրդական սովորույթներ։ Ես կանվանեի Ախալցխան հայ-վրացական բարեկամության օրինակելի քաղաք։

  Ձեր Նիկոլ պապիկը Ախալցխայում հայտնի ֆեդայի է եղել։ Նա մասնակցել է 1918թ․ Ախալցխայի ինքնապաշտպանությանը։ Ի՞նչ մանրամասներ կարող եք պատմել նրա կյանքի դրվագներից մեր ընթերցողներին։

Մակարյան Նիկոլը նախ եւ առաջ եղել է լավ արհեստավոր։ Նա իր ժամանակին հաղթել է Փարիզյան արծաթագործների միջազգային մրցույթը։ Ստեղծել է լավ հայկական ընտանիք, եղել է Ախալցխա քաղաքի պատգամավոր։ 1915թ․ ընդգրկվել է Ախալցխայի կամավորականների շարժման մեջ։ Եւ Հաջի Լեւոնի, Սարգսի ու այլոց հետ մասնակցել է Արեւմտյան Հայաստանի պաշտպանական մարտերին։ Պապս մասնակցել է 1916 թվականի Վանի ինքնապաշտպանությանը, ինչպես նաեւ ախալցխացի կամավորականների հետ մասնակցել է Արդահանի պաշտպանությանը։ Այնուհետեւ 1919-1920 թվականներին մեկնել է Արցախ եւ պաշտպանել Շուշին Նուրի փաշայի հրոսակներից։ Բազմաթիվ անգամ ձերբակալվել է։ 1922 թվականին Ջեմալ փաշայի ոչնչացումից հետո  Աթաբեկյան Գեւորգը (սովետական КГБ-ի ներկայացուցիչ) գալիս է Ախալցխա Երեւանից եւ ձերբակալում շուրջ 500 հոգի, հիմնականում նախկին ազատամարտիկներից, որոնք իր կարծիքով կարող է մասնակցություն ունենային Ջեմալ փաշայի ոչնչացման գործողությանը։ Այդ ժամանակ լայնածավալ ձերբակալումներ են եղել, որի ժամանակ ձերբակալվել է նաեւ Նիկոլ պապս։

Նա այդ ժամանակ 4 տարի բանտում է անցկացնում եւ ազատ արձակվելուց հետո 1935 թվականին կրկին ձերբակալվում դաշնակցական լինելու մեղադրանքով, չնայած, որ նա երբեւիցե որեւե կուսակցության անդամ չի եղել։

Ձեր հաջորդ պապիկը Համշենի Արդվին քաղաքից է եղել։ Այսօր դուք մտերիմ կապեր ունեք համշենահայերի հետ։ Ինչպիսին են նրանք եւ արդյոք կարողացել են պահպանել իրենց ինքնությունը թուրքական պետության մեջ։

Այո ես ունեմ նաեւ Արդվինի, Սամսունի արմատներ։ Ինչպես գիտեք ունեմ շատ բարեկամներ ու մտերիմներ սահմանի այն կողմում։ Իհարկե շուրջ 86 տարի մենք անջատված ենք եղել երկաթյա վարագույրով, իհարկե նրանք վաղուց իսլամացած են եւ գտնվում են Թուրքիայի պետության ներսում ու գնում են թուրքական դպրոցներ։ Այդքանից հետո նրանց ինքնության գիտակցումը վերքերով լի ցավոտ հարց է։ Սակայն իրենց ծագման ուժը, արյան կանչը ու ավանդությունները այնքան ուժեղ են, որ այս մարդիկ դեռ պահպանել են իրենց ազգային գիտակցությունը։ Ի դեպ Համշենում ապրում են նաեւ Լազեր ու Վրացիներ։ Նրանց այնտեղ անվանում են գուրջիներ։ Եւ պետք է նշեմ, որ համշենցիների ու գուրջիների բարեկամությունը այնտեղ բավական ջերմ է։

 Այս տարվա հուլիսի սկզբին դուք այն մարդկանց շարքում էիք, որոնք նախաձեռնեցին ԱՄՆ-ի, Համշենի եւ Հայաստանի պատվիրակությունների այցը Ախալցխա։ Ի՞նչ տպավորություններ ունեք տվյալ այցելություններից եւ այդ առումով արդյոք ծրագրեր ունեք նաեւ հաջորդ տարվա համար։

Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ախալցխայի ակտիվ բնակիչներին, ովքեր իրականություն դարձրին այս հրաշալի միջոցառումը։ Հատկապես շնորհակալություն եմ ուզում հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեյին, որ առավոտից երեկո այդ օրերին մեր պատվիրակության անդամների հետ էր։ Շնորհակալության խոսք եմ ուզում հայտնել Հայր Հակոբ Սահակյանին, քաղաքապետարանի աշխատակից Հենրիխ Շեխպոսյանին, Աշոտ Կավալերյանին։ Ուզում եմ նաեւ առանձին շնորհակալություն հայտնել Համբարձում Բաբոյանին, որ ոչ միայն աջակցում էր  մեր բոլոր միջոցառումներին, այլ նաեւ նյութական եւ տեխնիկական օգնություն ցուցաբերեց մեր հյուրերին։ Նույնն շնորհակալության խոսքն եմ ուզում ասել իմ ընկեր Սամվել Հովեյանին, ով նույնպես մեծ ներդրում ունեցավ միջոցառման կայացման գործում։ Շնորհակալություն մեր բարեկամ Գոչա Գվառամաձեյին եւ էլի շատ-շատերին, որոնք իրականություն դարձրին տվյալ միջոցառումը։

Այցի նպատակը մի գեղեցիկ միջոցառման միջոցով միավորել էր ախալցխահայերին, համշենահայերին ու սփյուռքի եւՀայաստանի մեր հայրենակիցներին։ Ամրապնդել կապը մեր վրաց եղբայրների հետ։

 Այս տարվա սկզբին ՀՀ սփյուռքի նախարարությունը դադարեցրեց ֆինանսական աջակցությունը Akhaltskha.Net –ին։ Դա տեղի ունեցավ նախարարության մեջ առկա ապազգային անհատների քմահաճույքի պատճառով, որոնց իրենց անձնական ամբիցիաներից բացի հետաքրքիր չէ հայապահպանությունը Ախալցխայում ու Ջավախքում։ Այդ դեպքից հետո դուք եւ Ձեր ընկերները կայքի պահպանման համար սկսեցիք միջոցներ տրամադրել Akhaltskha.Net –ին։ Հիմնականում ի՞նչը դրդեց Ձեզ ու Ձեր ընկերներին ապահովելու սփյուռքի նախարարության կողմից կտրված Ախալցխայի միակ հայկական կայքի ֆինանսավորումը։

Դե ինչ ասեմ։ Ուստի այլ բան չէինք էլ սպասում այդ կառույցից։ Դա լավ օրինակ է հասկանալու, որ տվյալ կառույցում չեն առաջնորդվում ազգային շահով, այլ առաջնորդվում են որոշ մարդկանց անձնական շահերը հետապնդելով։ Դա կոմսոմոլական սկզբունքներով ղեկավարվող կառույց է։

Մենք պարզ գիտակցում ենք, որ կայքի անխափան ու անկախ աշխատանքը նախ բխում է Ջավախքի հայերի եւ Հայաստանի ու Վրաստանի շահերից։ Այն նաեւ մեծ գործ է իրականացնում արդարության ու անկեղծության հողի վրա հայ-վրացական հարաբերությունները ամրապնդելու համար։ Տվյալ կայքը կարելի է համարել հայության ձայնը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում։ Ուստի այն ինչ արել էր սփյուռքի նախարարությունը կայքի նկատմամբ, դա հանցագործություն է Ախալցխայի հայության ու ջավախահայության նկատմամբ։

Մեկ էլ պետք է նշեմ, որ Ախալցխան սփյուռք չէ եւ երբեք այդպիսին չի դառնա։