Արտյուշ Գրիգորյան․ Հիմա կարևոր է, որ նախ և առաջ ընտրություններն անցնեն թափանցիկ և արդար

Արտյուշ Գրիգորյան․ Հիմա կարևոր է, որ նախ և առաջ ընտրություններն անցնեն թափանցիկ և արդար

Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրվելու են շրջանային ժողովները՝ սակրեբուլոները և քաղաքապետերը։

Սակրեբուլոյի ընտրությունները երկրի քաղաքական կյանքում՝ համեմատած պառլամենտական ընտրությունների հետ, նվազ կարևորություն են ներկայացնում, բայց հաշվի առնելով, որ պառլամենտական ընտրություններից անցել է մեկ տարուց մի փոքր ավել , այն կարող է հանդիսանալ պառլամենտ անցած կուսակցությունների աշխատանքի արդյունավետության գնահատականը, այլ կերպ ասած՝ լակմուսի թուղթ։

Սամցխե-Ջավախքում ևս, բնականաբար ձևավորվելու են շրջանային ժողովներ։ Ջավախքում նախընտրական քարոզարշավը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պայքարը անձերի մեջ է, այլ ոչ գաղափարների ու ծրագրերի։

Հիմա կարևոր է, որ նախ և առաջ ընտրություններն անցնեն թափանցիկ և արդար, և ոչ թե ինչ-ինչ ուժերի կողմից նախապես գծած սցենարով, որտեղ ընտրությունները, փաստորեն, կրում են ձևական բնույթ, այնուհետև արդեն ձևավորված սակրեբուլոն լիարժեք կատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները, և ոչ թե ուժային կառույցների հրահանգները։