Ջավախք. Այստեղ են հատվում մեծ պետությունների շահերը

Ջավախքում ամեն ինչ այլ կերպ է՝ լանդշաֆտը, կլիման, մարդիկ, ճարտարապետությունը: Ամեն անգամ այստեղ գալիս փորձում եմ հասկանալ, թե ինչն է գլխավորը, որն է Ջավախքի գաղտնիքը:

70 տարի այստեղ փակուղի է եղել: Խորհրդային Միության սահմանը: Տարածաշրջան, որտեղ մարդիկ տեղաշարժվում էին հատուկ անցագրերով: Այն ժամանակ շատերը լքեցին Ջավախքին: Այսօր այս շրջանը միջանցք է, ճամփաբաժան կամ երեք երկրների հատման կետ: Այստեղ մեծ նախագծեր կան, այստեղ են հատվում մեծ պետությունների շահերը:

Այս պատմության մեջ ես կպատմեմ, թե ինչպես է փոխվում կամ չի փոխվում Ջավախքը: Թե ինչ են այստեղ բերում կամ այստեղից տանում մարդիկ ու թռչունները, որոնք այստեղ ապաստան են փնտրում: Ջավախքի բնակիչների մեծ մասը հայեր են: 1980-90-ականներին այստեղ Աջարիայից վերաբնակեցրել են մուսուլման վրացիների, էկոէմիգրանտների: Իսկ մինչ այդ, նախորդ դարի 40-ական թվականներին Ստալինի հրամանով այս տարածաշրջանից մի գիշերում արտաքսվել են մուսուլման մեսխերը: Իսկ որոշ գյուղերում մինչ այսօր ապրում են հոգեմարտիկները՝ տեղական էկզոտիկա դարձած սլավոնները:

Ինչո՞ւ է այդքան հաճախ փոխվում այս շրջանի մարդկային լանդշաֆտը: Թե՞ այս փոփոխություններում էլ հենց կայանում է Ջավախքի գաղտնիքը:

Ջավախքը ծովի մակարդակից 1800-2100 մետր բարձր է: Վրաստանում ոչ մի տեղ այդպիսի ցուրտ չի լինում, ինչպես այստեղ: Ձմռանը ջերմաստիճանը երբեմն 40-ից ցածր է լինում:

Տեղացիները սովոր են ձյանն ու սառնամանիքին: Այստեղ գրեթե անտառներ չկան: Տները ձմռանն աթարով են ջեռուցում:

Գարնանն այս ցուրտ ձյունածածկ շրջանը կերպարանափոխվում է: Մարգագետիններում ալպիական ծաղիկներ են ծաղկում, բազմաթիվ թռչուններ են գալիս: Ջավախքը չվող թռչունների համար Վրաստանի գլխավոր միջանցքներից մեկն է:

Փարավանի, Սագամո, Խանչալի, Տաբացկուրի, Մադաթաֆա, Բուգդաշենի. «մեծ լճերի երկիր»՝ այսպես կարելի է անվանել Ջավախքին: Որոշները խորն են, մյուսները՝ ծանծաղ, սառն ու տաք. ջրլող թռչունների համար դա դրախտ է երկրի վրա: Հենց այդ պատճառով շատերը մնում են Ջավախքում, որոշները հանգստանում են չվելու ընթացքում, մյուսներն էլ՝ բներ հյուսում:

Գրեթե յուրաքանչյուր հայկական ընտանիքում կա մեկը, որը սեզոնային կամ մշտական աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Հիմնականում տղամարդիկ են մեկնում ամռանը: Աշխատում են շինարարությունում, ճանապարհներ են սարքում, իսկ վաստակած գումարով ապրում ողջ ձմեռ:

Ճակատագրից չեմ բողոքում. շինարարությունում եմ աշխատում: Տասը գլուխ անասուն ունենք, կաթը հանձնում եմ: Կին ու երկու աղջիկ ունեմ: Մի բան լավ չէ. տղա չունեմ, բայց պետք է: Արդեն 10 տարի է՝ ոչ մի տեղ չեմ մեկնել, իսկ առաջ միշտ Ռուսաստան էի մեկնում աշխատելու՝ Կրասնոդարի երկրամաս: Շինարարությունում էի աշխատում կես տարի: Այնտեղ շատ մտերիմներ ունեմ, մոտ 5 տարի եմ այնտեղ անցկացրել:

Այնտեղ աշխատանք կա, բայց դժվար է, ստիպված ես առանց ընտանիքի ապրել, տաք սնունդը հազվադեպ բան է, տանջանք է:

Մեր գյուղից հիմա մոտ 20 մարդ Ռուսաստանում է աշխատում: Նախկինում գյուղի կեսը գնում էր: Փողն արժեզրկվեց, և առանձնապես իմաստ այլևս չկա. մանրում ես, բան չի մնում: Նախկինում կես տարվա վաստակածի հաշվին ողջ ձմեռ ապրում էի:

Ես այստեղ եմ ծնվել, հայրս վարորդ էր կոլտնտեսությունում: Լավ ժամանակներ էին, լավ ընտանիք էր:

Աղջիկներս դպրոց են գնում: Չեն պատրաստվում ամուսնանալ: Ուզում են ուսումը շարունակել: Վրացերեն լավ գիտեն: Մեկը մաթեմատիկայի օլիմպիադայում երկրորդ տեղն է զբաղեցրել: Եթե նույն ոգով շարունակեն, չեն լինի ինձ պես, կրթություն կստանան: Դպրոցից հետո լրացուցիչ վրացերեն են պարապում, որ հետագայում աշխատանքի հետ կապված խնդիր չունենան:

Ավագ աղջիկս ուզում է Թբիլիսի մեկնել սովորելու: Բնակարան կվարձեմ նրա համար, և նա Թբիլիսի կմեկնի: Մենք էլ, երբ Ռուսաստանում էինք աշխատում, բնակարան էինք վարձում, բոլորս միասին: Հաճախ դա նույնիսկ բնակարան էլ չէր, ընդհանրապես ոչինչ չկար, 6-7 հոգով տախտակների վրա էինք քնում: Չէ՛, ամեն դեպքում, ընտանիքով լավ է: Իմ աղջիկներն այդպես չեն ապրելու:

Ջավախքի սարահարթով է անցնում թռչունների համար կարևորագույն միգրացիոն միջանցքներից մեկը: Գարնանը դեպի հյուսիս են չվում, աշնանը՝ դեպի հարավ: Եվ այդ սարահարթն այդ ընթացքում հարյուր հազարավոր թռչուններով է լցվում: Ծանծաղ, պլանկտոնով և ձկնով հարուստ լճերը ջրլող թռչունների համար հիանալի հանգստավայր են դառնում. այն ճիշտ վայր է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Չվելը երկար և էներգատար ճամփորդություն է, ուժերի մեծ պաշար է պահանջում: Այդ պատճառով էլ ողջ ամռանը թռչունները պատրաստվում են, ճարպ հավաքում, որպեսզի աշնանը պատրաստ լինեն չվելու: Որոշները ցերեկն են թռչում (արագիլներ, գիշատիչներ), մնացածները՝ գիշերը (բադեր և որոշ ճնճղուկազգիներ): Ձմռանն այստեղ թռչուններ չկան: Ձմեռներն այստեղ սովորաբար խստաշունչ են: Լճերը սառչում են, սնվելու բան չկա:

Փոխարենը ամռանը լրիվ այլ տեսարան է: Որոշ թռչուններ հենց այստեղ են ավարտում իրենց միգրացիան, բներ են հյուսում, ձագեր հանում:

Արագիլները ձկնկուլները, բադերն ու նույնիսկ կռունկները (այս տարի Ջավախքում ենթադրաբար երեք զույգ բույն էր հյուսում) ապաստան և սնունդ են փնտրում «Ջավախեթիի ազգային պարկում» և դրա շրջակայքում: Մադատաֆա լճի վրա է հիմնավորվել հայկական ճայերի մի մեծ գաղութ (Larus armenicus): Թերակղզում, որն ամռանը բարձրացող ջուրը կղզի է դարձնում, ապրում է ավելի քան 10 հազար թռչուն:

Նիկա Ծիկլաուրի

Վրաստանի Հայ Համայնք