Հայրենիքը սիրող ու հող չհանձնող ախալցխացին

Հայրենիքը սիրող ու հող չհանձնող ախալցխացին

Ախալցխացի Գեւորգ Իրիցյանին Ջավախքի ժողովուրդը ճանաչում է Ղաչաղ Գեւորգ անվան տակ: Դեռ երիտասարդ տարիքից նա հերոսաբար մասնակցել է Արցախյան ազատամարտին, որի ժամանակ ընկերակցել է Պավել Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ), Ժիրայր Սեֆիլյանին եւ շատ ուրիշ հերոս տղաների: Գեւորգը  մշտապես եղել է ազգին, հայրենիքին ու ընկերներին նվիրված անհատ:

Իր հայրենի Ախալցխայում եւս նա անտարբեր չի եղել հայության հուզող խնդիրներին ու մշտապես դժվարին պահերին եղել է իր ժողովրդի կողքին: Իր հայրենասիրական մղումների մեջ Գեւորգ Իրիցյանը երբեք չի փնտրել նյութական շահ կամ փառք ու պատիվ: Երբեք չի եղել անընդհատ բողոքող կամ բամբասկոտ ու պարապ թափառող «հայրենասեր», այլ ճիշտ հակառակը մշտապես ասպարեզ է եկել ժողովրդի համար խիստ դժվարին պահերին ու լուռ կատարել իր կողմից հնարավոր անելիքը: Դա է պատճառը, որ բազմաթիվ երիտասարդներ Ախալցխայում ուզեցել են նմանվել նրան եւ մշտապես դաստիրակություն  են ստացել նրա հերոսական կերպարի օրինակով:

Երբ 2016թ.-ի հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբի անդամների շարքում Ջավախքի ժողովուրդը լսեց Գեւորգ Իրիցյանի անունը, բոլորի համար պարզ դարձավ, որ դա ախալցխացի Ղաչաղ Գեւորգն է, ով Ջավախքից մեկնել էր Երեւան իր մարտական ընկեր Պավել Մանուկյանի կողքին գտնվելու: Տեղեկանալով այդ մասին Ջավախքի ժողովուրդը լցվեց հպարտությամբ, որ իրենցից մեկը առանց որեւիցե նյութական շահի հետապնդման, կամ այլ տեսակի անձնական շահ հետապնդելիս գնաց Երեւան իր ազգի ու ընկերների կողքին կանգնելու: Տվյալ քայլով նա կրկին անգամ հեգնեց մահվան եւ անազատության մեջ հայտնվելու վտանգը, որպեսզի իր ժողովուրդը ազատ ու հպարտ ապրի:

Նրա պատկերացման մեջ ամենագլխավոր օրենքը կամ կանոնագիրը դա ազգային ոգու թելադրման կանոնագիրն է, իսկ ամենամեծ պատվիրանը այն է, որ հին ընկերները չպետք է դավաճանեն: Ու այդպես էլ նա վարվեց չդավաճանելով իր հին ընկերներին ու հայրենասիրական գաղափարին: Հենց դրանով նա առաջնորդվեց միանալով Սասնա Ծռեր խմբի տղաներին եւ մեկ անգամ եւս իր քայլով ապացուցեց, որ այդպիսին է հայրենասեր ու հող չհանձնող ախալցխացու կերպարը: Եվ այդ ամենից այն կողմ կարծես ամեն ինչ երկրորդական է տվյալ տեսակի մարդկանց համար ու նրանք կարող է եւ չմտածեին թե նման քայլով չէր կարող տեղի ունենալ իշխանափոխություն կամ անարգվելու էր աշխարհի կողմից սահմանված օրինականության կարգը: Սակայն իշխանափոխության փոխարեն մենք ականատես եղանք  հեղափոխության համայն հայության մտքերում, որը սթափեցրեց ամբողջ ազգը բաժանելով իշխանասիրությունը հայրենասիրությունից ու պետականության կողքին կանգնելու գաղափարից:

Գեւորգ Իրիցյանի տեսակի պաշտպանությունն էր հիմնական պատճառը, որ 2016թ. հուլիսի 31-ին Ախալցխայի հայությունը հանրահավաք կազմակերպեց եւ պաշտպանելով Սասնա Ծռերին կոչ արեց ՀՀ իշխանություններին զերծ մնալ արյունահեղությունից:

Ղաչաղ Գեւորգի մարդկային խառնվածքին բնորոշ մի դրվագի ենք հանդիպում սոցիալական ցանցերում:

«ՊՊԾ գնդի խրոնիկա շարքից Պավլիկին խփեցին… Ղաչաղը գոռաց, «Պավլի՜կ» ու գոռալով նետվեց առաջ կրակահերթի տակ։ Նա թքած ուներ, որ հաջորդ ընկնողը ինքն է լինելու։ Ծուռ Ղաչաղի համար Կարևորը Ծուռ Պավլիկին փրկելն էր։ Հեռավորությունը մեծ չէր։ Խփեցին։ Գնդակը կպավ ոտքին, և բարեբախտաբար ոսկորը չվնասվեց։ Երբ Պավլիկին ու Արամին հանեցին, Ղաչաղի վերքն էլ փաթաթեցին։ Բայց Ղաչաղը չէր ուզում իրեն վիրավոր զգալ։ Նա չէր ուզում լքել տղերքին։ Հրաժարվեց դուրս գալ։ Եվ վիրավոր ոտքով տեր կանգնեց իր դիրքին։ Բժիշկները միայն հաջորդ օրն եկան ու մշակեցին վերքը։ Ղաչաղը առողջական այլ խնդիրներ էլ ուներ կապված ողնաշարի հետ, բայց երբեք չտրտնջաց։ Նա լուռ իր գործն էր անում։ Նա դիրքապահ էր։ Վախի նշույլ էլ չկար մեջը։ Դե, էլ ինչ՞ Ղաչաղ, որ վախի համն իմանար։ Ղաչաղը Սասնա Ծուռ Գևորգ Իրիցյանն է»։

Տվյալ գործողությունից հետո  Գեւորգ Իրիցյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Սակայն հայ ժողովրդի համար նա եւ նրա տեսակը ոչ միայն  անմեղ է, այլ նաեւ հերոսական:

Ջավախքի ժողովուրդը երբեք չի համակերպվելու այն մտքի հետ, որ Ղաչաղ Գեւորգը, ով իր ողջ գիտակից կյանքը նվիրել է Հայաստանին այսօր գտնվում է հայկական բանտում:

Այժմ համայն հայության համար շատ կարեւոր է, որ տվյալ գործողության մասնակից հերոս տղաները, որոնք առանց նյութական շահ հետապնդելու կամ այլ տեսակի շահերի մատնվելու մշտապես ծառայել են հայ ժողովրդի շահերին վերջապես ազատ արձակվեն իրենց հայրենի երկրի բանտերից,  քանզի մեզ հայերիս ամոթ է, որ տվյալ անհատները, ովքեր անկեղծորեն պայքարել են մեր երկրի ապագայի համար այսօր հայկական բանտում լինեն: